Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասել, զրպարտել, հայհոյել ու մնալ ապահով, որովհետև եթե ետևիցն ընկնես, ավելի վատ կհայհոյի, ավելի շատ կզրպարտի, ավելի մեծ սուտ կասի։

Ահա այս մարդը Էջմիածնից վերադարձել է ու «Մշակի» մեջ գրում է իր տեսածն ու լսածը։ Ես, մինը որ եղել եմ նույն ժողովներում ու մասնակցել, կարդում եմ ու Էջմիածնի ցավը մոռանում։ Մոռանում եմ և այն եմ մտածում, թե ինչպես կարելի է, որ մարդը, աստուծո պատկերն ունեցող մարդը, այնքան բազմության առջև կատարված դեպքերն ու խոսքերը վեր կենա խեղաթյուրի, ստի, խարդախի ու տա նույն մարդկանց ձեռը, թե առե՛ք կարդացեք։

Ճշմարիտ որ, գոնե ինձ համար, սա ավելի մեծ խնդիր է, քան նույնիսկ կաթողիկոսի ընտրությունը։ Սա մարդ արարածի աղավաղումը, այլանդակումը, անկումն է։

Գրում է։ Մեջտեղը դուրս է գալիս մի խելոք Հ. Ա., մնացածը կամ հիմար կամ եղած չեղած։ Դուրս է գալիս, ինչ-որ մի խմբակ ուզեցել է ժողով գումարել կրքերը բորբոքելու համար, պատգամավորներից շատերը դեմ են եղել, և, ո՜վ զարմանք, այդ խմբակի մարդիկը չկան ու հենց դեմ եղողներն են որ գնում են ժողովը կայացնում, բաց անում Հ. Ա. առաջնորդությամբ ու օրակարգն էլ որոշում, մինչև անգամ «Հորիզոնի» դրած հարցն էլ առնում քննության առարկա։ Եվ, քանի որ ժողովը կայացել է, ինքը Հ. Ա. է, որ մտածում է մի բանով հավերժացնել հանգ<ուցյալ> կաթողիկոսի հիշատակը։ Դուրս է գալիս, որ ես, հենց այնպես, վեր եմ կացել ժողովում հայտարարել, թե Կարապետ եպիսկոպոսը եկել է «Հորիզոնի» խմբագրատուն ու ցավ հայտնել, որ հայ ժողովուրդը ինձ՝ բանաստեղծիս, լավ չի գնահատում։ Դուրս է գալիս, որ «Հորիզոնը» կաթողիկոսի վերջին օրերի խնդիրը դրել է Կարապետ եպիսկոպոսի պատվի համար։ Դուրս է գալիս, որ ժողովականներից շատերը ցավ են հայտնել, թե «Հորիզոնը» իր մեղադրանքները հիմնել է ասեկոսների վրա և այլն, և այլն, և ոչ թե ուրիշը, այլ Հ. Ա. է եղել պահանջողը, որ Կարապետ եպիսկոպոսի հրաժարականը կարդացվի ու ամբաստանողները դժվարության մեջ են ընկել։ Դուրս է գալիս՝ ժողովը գտել է, որ վրդովեցուցիչ բան չկա Կարապետ