Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդու դեմ Դուք մինչև այսօր բերան չեք բաց արել։ Ի՞նչ կասեք սրան, եթե Դուք սիրում եք ճշմարտությունն ու վայելչությունը։

Հեռու չգնանք։ Դուք ճշմարտության ու վայելչության չափ գրեթե սիրում եք մեր Ղազարոսին, Աղայանին։ Անցյալները երբ այդ մարդիկ տոնում էին պ. Ա. Քալանթարի հոբելյանը, «Մշակի» մեջ տպեցին իրենց աշխատակցի կոչը, թե պետք է ուշադրություն դարձնել նյութականի վրա, մինչև անգամ, որքան հիշում եմ, մի տեղից էլ փող ստացան ու տպեցին, բայց թե ինչո՞ւ — չգիտեմ, ընշթացք չառավ, գլուխ չեկավ։ Այն ժամանակ հրատարակեցին, թե մինչև այսօր կատարված հոբելյանների մեջ միայն Արծրունու և Քալանթարի հոբելյաններն էին գաղափարական ու պատվավոր, և անպատվության խոսքեր շպրտեցին մնացած հոբելյաններին ու հոբելյարներին։ Մինչդեռ միանգամայն սուտ էր. Արծրունու հոբելյանին կոչ են արել ու փող հավաքել ամբողջ աշխարհի առաջ, իսկ Քալանթարի հոբելյանին կոչ արին ու չհաջողվեց։ Իհարկե, սրա դեմ չբողոքեց այն հասարակությունը, որ կատարել է Գ. Քաթիպայի, Րաֆֆու, Պռոշյանի, Աղայանի ու Լեոյի հոբելյանները, և թողեց, որ ինքը Ղ․ Աղայանը դուրս գա ստախոսի դեմ։ Սակայն ստախոսը միայն ստախոս չէր, այլև անզուսպ հայհոյիչ, և ահա ստի ետևից եկավ հայհոյանքը։ Դուք ի՞նչ ասիք այն ժամանակ այդ ձեր զինակից Հ. Ա.-ին, պ. Եզեկյան, Դուք, որ սիրում եք և՛ ճշմարտությունը, և՛ վայելչությունը, և՛ Ղ․ Աղայանին։

Եվ ահա այսօր էլ գնացինք Էջմիածին ու ետ եկանք։ Նստել է ստեր է պատմում աշխարհին։ Ես, որ ուրիշ անգամ էլ բողոքել եմ նրա ստախոսության դեմ և, լավ ճանաչելով դրանց, գիտեմ, որ միայն փաստն է, որով պետք է դրանց բռնել ու կանգնեցնել, ոչ թե խոսքը, ինչ տեսակ խոսք ուզում է լինի, բռնում եմ այդ փաստն ու դնում ձեր առաջը։ Ասում եմ՝ նա դիտմամբ խեղաթյուրում է ուրիշների ասածները, վկաներ եմ ցույց տալիս, ասում եմ՝ նա սուտ հեռագիր է տվել այն ժողովին, ուր չի եղել, այն օրվանից, երբ այնտեղ չի եղել, վերջապես, եթե չեք հավատում Թիֆլիսի քաղաքագլուխ Խատիսյանին, Բարեգործական խորհրդի