կալվածքն ընկած է անօգուտ, և անտառը թողած է գյուղացիների կացնի խնամքին։ Իսկ գյուղացին անտառի ու ծառի ամենաանգութ թշնամին է։ Նա չի հասկանում, որ այդպես անելով զրկում է յուր հայրենիքի բնությունը զարդից, սարերն աղբյուրներից, որոնք հետզհետե ցամաքում են անտառների պակասելով, սրանց հետ փոխվում է և կլիման։ Գյուղացին կլեպը (կեղևը) քաշում և չորացնում է դարևոր ընկուզենին մի չուխա ներկելու համար, հոնի ծառը ջարդում, ճղնակոտոր է անում հոնը քաղելու համար, և բոլոր պտղատու ծառերի հետ վարվում է ճիշտ Կռիլովի խոզի նման։ Հենց որ բացվում է գարունը, ծառերն սկսում են բողբոջել, գյուղացին կոտորում է ծառերի թարմ ոստերն ու բողբոջները՝ (բոխ) անասուններին ուտացնելու համար։ Եվ այն էլ ինչպես է կոտորում, պետք է տեսնել ու զարմանալ, թե որքան այլանդակ գաղափար ունի գյուղացին անտառի մասին, որին պարտական է յուր հազար ու մի բարիքները․․․ յուր առողջությունը։
Երանի Էջմիածինն ուշք դարձներ յուր այս նշանավոր կալվածքի և նորա մեծ անտառի վրա, որ ահագին եկամուտի աղբյուր կարող է լինել։
Կալվածատերերի ընդարձակ հողերին հարևան արքունի գյուղեր կան, որոնց վարելահողերն այնքան սակավ են, որ երկրագործը չի կարողանում տարեմեջ հանգստություն տալ իրան հոգնած հողերին, և ամեն տարի միևնույն հողը ցանելով, ուժասպառ է անում։ Այսպիսի ուժասպառ հողերն արհեստական կերպով ուժեղացնելու (փեյնելու—անասունի աղբ ածելու) սովորությունն էլ նոր է մտել այստեղ։ Բայց դուք տեսեք, թե որքան է հաստ այդ գյուղացու գլուխը։ Յուր աչքով տեսնում է, որ փեյնած հողը առատ բերք է տալիս, յուր դռանն էլ դիզած է այդ փեյնից, ասում ես— ախպեր, խո քու աչքով տեսնում ես ինչ լավ բան է փեյնելը, իսկ դռանդ կիտած թողնելով այդ միևնույն փեյինը քեզ կհիվանդացնի, տար ածա արտդ։
Տես ինչ պատասխան ես ստանում — «Որ աստոծ տալու ըլի, փեյինի՞ն մտիկ կտա»։ Ահա թե որքան ծանր է ընդունում հայ գյուղացին նույնիսկ տնտեսական որևէ բարեփոխություն։