հայ հոգևոր դպրոցներում կարելի է քարոզել կաթոլիկություն և բողոքականություն»։
Եվ եզրափակում եք.
«Հոգևոր դպրոց առանց կրոնի, հոգևոր դպրոց մեր եկեղեցին արհամարհող, դա մի անմտություն է և անհեթեթություն»։
Սա ի՞նչ բան է, աստծու սիրուն․ «ասում են», «կասեն», «գուցե» և դրանց անվանել էակա՞ն, և դրանց վրա հիմնել դատավճի՞ռ, և այն էլ ազգի կողմի՞ց։
Ճշմարիտ որ՝ սա ի՞նչ բան է, ո՞րտեղ ենք ապրում, և մի՞թե լսողներ չկան։
Պարոն Չալխուշյան, հայոց բոլոր թեմական հոգևոր դպրոցներում ավանդել են միշտ և այսօր էլ ավանդում են կրոն և չեն արհամարհում հայոց եկեղեցին, սրանով հերքվում է և ձեր «էականը», և դուք պարտավոր եք ամբողջ ազգի կողմից հայոց դպրոցներին արած ձեր անհիմն սպառնալիքը ետ վերցնելու վերջնականապես։
ԱՆՑՆԵՆՔ ՏՈՆԻՆ
Վերջացավ Շիրվանզադեի հետ սկսած աղմուկը։
Վերջապես իմացանք, որ ամենքն էլ իրավունք ունեն քննադատելու, լավն ու վատը իրարից ջոկելու, վատը մերժելու, լավը վեր հանելու։ Եվ այս շատ լավ եղավ հենց իրեն Շիրվանզադեի համար։ Այսօր տեսնում ենք նրա երեսնամյա գրական գործունեության հաշիվը և նրա լավ գործերի համար ցույց ենք տալու մեր հարգանքը։ Արդ, այն մարդիկ ու այն մամուլը, որ նրա մի անհաջող նախադասության վրա այսքան կանգնեցին ու զբաղվեցին, եթե անկեղծ ու շիտակ մարդիկ են, ո՜րքան պիտի կանգնեն նրա տաղանդավոր գործերի առաջ ու ո՜րքան պիտի զբաղվեն նրա հատորներով։ Եթե մի ձախորդ խոսքի համար այսքան նախատեցին ու քաշքշեցին, ո՜րքան պիտի հարգեն ու գովեն ամբողջ գեղարվեստական գործերի համար։ Ամեն մարդ էլ խոսելու իրավունք ունի, իսկ նրանք, որ իրենց պարտականությունն