Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բանաստեղծի սիրո տաղերը, նկարչի սուրբերի պատկերները միասին։ Մի գրքի մեջ։ Երկու սիրուն աստղ, որ փայլում են մեզ 17 դարի մեր մութն ու խավար երկնակամարի վրա, իրենցից մեծ ու փոքր մի շարք աստղերի համաստեղության մեջ։ Մոռացված են եղել էսքան ժամանակ։ Ո՞վ գիտի որ անկյունում, որ մենակ բանասերն է իմացել նրանց տեղն ու անունը, գրիչն ու վրձինը։ Սակայն էս է տաղանդավոր գործի հատկությունը, գործի, որի մեջ կա շատ թե քիչ աստուծո շունչը, անմահության տարրը, ինչքան էլ մոռացվի ու մեռցվի, հարություն է առնելու նորից։ Եվ ահա էսօր, Ա. Չոպանյանի շնորհիվ, հարություն առած կամ, ինչպես ինքն է ասում, անարդար մոռացումի խավարեն հանած, մեր առաջն են էս երկու ազնիվ ու հարազատ դեմքերը, որ մենք ճանաչենք ինչպես օտարներ։ Ի՜նչքան դառնություն կա էս խոսքերի մեջ՝ ճանաչենք մերը ինչպես օտարներ․․․ Բայց երանի թե միայն էսքանը լիներ անծանոթությունը։ Հապա էն անհասկանալի քմա՞յքը, որ հետապնդում է մինչև թաքստոցները՝ փչացնելու, ոչնչացնելու գեղեցիկ գործերի մնացորդները, ինչպես արել է հանգ<ուցյալ> Խրիմյանը, փշրել տալով նկարիչ Հովնաթանի գործերը, որ զարդարում էին Էջմիածնի տաճարը՝ հորինելով «հոյակապ տեսիլ մը մեծապանծ, երփնագեղ, գարնանափառ, փթթինազարդ ահագին բուրաստան մը՝ պատերն ի վար հավերժական թարմությամբ ծաղկևորած»․․․ Ճշմարիտ, ինչքան էլ մեծ լինի մարդու հարգանքը դեպի Խրիմյանի հիշատակը, չի կարող չսիրել Չոպանյանի՝ գեղարվեստագետի էս ազնիվ զայրույթը, որով զայրանում է նրա արարքի դեմ՝ խստությամբ դատապարտելով քանդողական մոլեգնությունն ու քանդիչ ձեռքը։ Եվ ամեն անգամ, երբ նայում եմ «Ավետընկալ Մարիամի» պատկերին, որ ազատվել է կորուստից, ու հիացման մեջ միշտ ուզում եմ Մուրիլիոյի Մադոննայի կողքին դնեմ՝ համեմատելու, թե արդյոք ո՞րն է ավելի չքնաղը էս աստվածային կանանցից, ամեն անգամ էլ ունենում եմ նույն բուռն զայրույթն ու ցավի զգացումը։

Նկարիչ Հովնաթանը վրաց Հերակլ II թագավորի պալատական նկարիչն է եղած էն ժամանակ, երբ նույն թագավորի