մինը, կարծեմ Հեյնեն, իր հայրենիքին դիմելով՝ ասում է. «Ես քո պահապան շունն եմ»։ Ի՞նչ կա որ, թող ես էլ իմ համեստ ուժերով իմ հայրենիքի պահապան խուզարկուն լինեմ։ Եվ ահա բռնել եմ ձեզ. պատասխան տվեք իմ հարցին, դուրս եկեք հրապարակ։ Ոչ մի բարոյական օրենք չկա, որ մի մարդ խոսի, գործ տեսնի միաժամանակ մի քանի կեղծ անուններով, մի անունը մի բան գրի, մյուսը նրան վկա գա, երրորդն էլ հաստատի, իբրե թե երեք մարդ են մեջտեղը։ Մի անունով հայհոյի, զրպարտի, մյուս անունով կանգնի իբրև բանից անտեղյակ ու անմեղ մեկը։ Մարդ մի երես պետք է ունենա ու մի անուն, մանավանդ նա, որ առաջ է անցնում խոսելու հասարակական ծանր խնդիրների մասին, անհատների ու հոսանքների դեմ։
Այո՛, հասկանում եմ կեղծ անունը, երբ մարդ մի լավ բան է անում կամ գրում ու ծածկում է իր անունը։ Նա փախչում է փառքից ու պատվից։ Բայց երբ մեկը հարձակվում է սրա նրա դեմ, զրպարտում, հայհոյում, կասկածների տակ գցում ու թաքնվում կեղծ անունների տակ, նա փախչում է պատասխանից ու պատժից։ Երբ բարի գործ անողի, հերոսի անունն են հարցնում, նա իրավունք ունի նեղանալու և խոսելու բարոյական օրենքից, բայց երբ զրպարտչի, հայհոյիչի ու նման մի վատի օձիքը բռնած ժամանակ նա էլ է համարձակվում աղմուկ հանել ու դիմել նույն բարոյական օրենքներին ու էտիկային, և դեռ ուզում է դրանցով վախեցնել իրեն բռնողին, այդ ես չեմ հասկանում, և ոչ ոք էլ չի կարող ինձ հասկացնել, թե հանդուրժելի է։
Դո՛ւրս եկեք արևի տակ։ Այսպես է ասում ձեզ խուզարկու Հով. Թումանյանը։
«ՀՈՎԻՏԻ» ԿԱՏՈՆԻՆ
Պարոն Կատոն, կարդացի «Սուրհանդակի» № 411-ում՝ ձեր պատասխանը և ծիծաղս եկավ։ Բայց դրան էլ պատասխանեմ, երբ որ միանգամից դատապարտված եմ ձեզ հետ բանակռվելու հաճույքին։ Եթե դուք համաձայն եք, որ ազգային