իրենց Նոր-Նախիջևանի հարուստներից մեկն ու մյուսն էլ կարող էին անել, իսկ մենք ոչ թե 600 ռ., այլ 6.000 ռ. կտանք նրան, ով որ ոչ միայն հին ուղղագրությունով գրի, այլև հին լեզվով— գրաբար։
Սրանից ո՞վ ինչ կհասկանար։
Անկասկած, ոչ մի մրցանակ ու ոչ մի կաշառ չեն կարող կանգնեցնել կամ շեղել հայոց գրական լեզվի զարգացման առողջ ու ազատ ընթացքը, որի գլխավոր աղբյուրը լինելու է հենց գավառական բարբառը, մեր ժողովրդի կենդանի լեզուն, բայց և այնպես հետաքրքրական է, թե ի՞նչ են հասկանում պարոնայք Նոր-Նախիջևանի հ<այոց> բ<արեգործական> ը<նկերության> խորհրդարանի անդամները, որ ասում են. «լեզուն՝ զուտ գրականական, առանց գավառաբարբառի»։ Եվ արդյոք ի՞նչ կասի այս մասին հայ բանասերն ու հայ ուսուցիչը։
ԵՐԵԿՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՅՍՕՐՎԱՆ
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Նորից ոռնում է հին ծանոթ գույժը— «Տաճկաստանում կոտորում են հայերին…»
Նորից կոտորածի մռայլ մղձավանջը ծանրանում է մեր հոգնած սրտերին և նորից ամենուրեք դալկանում է Արևելքի հին տառապյալը— հայ ժողովուրդը։
Ոմանք ասում են՝ սուտ է, կոտորած չկա։ Հայերի դատարկ սարսափն է միայն, որ աղաղակում է այդպես զարհուրելի։ Բայց մեր աշխարհքներին ու կիսավայրենի ժողովուրդներին ծանոթ մարդը ամենայն հեշտությամբ պետք է հավատա կոտորածին։
Եթե մինչև անգամ միայն սարսափն է գոռում այսօր, մի՞թե սարսափը դատարկ բան է, էն էլ սարսափելի երկրում ու սարսափելի ժողովուրդների մեջ։ Էդ էն սարսափն է, որ աղաղակում է ամեն կոտորածից առաջ ի լուր աշխարհի։
Մի՛ ասեք թե սուտ է և ապարդյուն ու թշվառ քաղաքականության մի՛ դիմեք անհույս ու շատ փորձված կողմերում։
Դիմեցեք հայոց պատմությանը, Կովկասի պատմությանը,