Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 Այսօրվա շատ մարդիկ, հայ թե ռուս, չեն էլ կարող երևակայել, թե ինչպես են իրար հանդիպել հայն ու ռուսը։ Ականատեսներից մինը, հայտնի դեկաբրիստ Ե. Ե. Լաչինովը, իր «Խոստովանությունների» մեջ սաստիկ սրտաշարժ պատմում ու նկարագրում է անցյալ դարի սկզբներում էդ հանդիպումները։

Նկարագրում է տաճկական, պարսկական ու քրդական գազանությունները, պատմում է, թե ինչպես էին նրանց առաջ սարսափահար փախչում հայերը գեղահան ու տեղահան եղած։ Պատմում է, թե ինչպես էին նրանք վազում դեպի ռուսական զորքերը՝ ծեր ու մանուկ, մարդ ու կին, աղաղակելով, русь! русь! здрасти! здрасти!…

Եվ էդ մի բառով էին արտահայտում ամեն բան, և՛ սար՛սափ, և՛ աղաչանք, և՛ սեր, և՛ խնդիր, որովհետև լեզու չգիտեին։ Իսկ մյուս կողմից. «Не бойтесь! не бойтесь! ձեն էին տալի սարսափահար գյուղացիներին թշնամու դեմ վազող զինվորներն ու արագացնում էին իրենց վազքը։

Ակներև էր, ասում է նա, Լաչինովը, որ գերազանց հանդիսանալու ցանկությունը չէր, այլ յուրաքանչյուրի սրտին հարազատ կարեկցության զգացմունքն էր տանում ամենքին։ Մեզանից ամեն մինը մասնակցում էր դժբախտների վիճակին։ Նրանք իրենց հանձնել էին մեր պաշտպանությանը, մենք տեսնում էինք նրանց լիովին վստահությունը ռուսական բնավորությանը, նրանց երախտագիտությունը շարժում էր մեզ, հարուցանում էր մեր մեջ ազգային պատվասիրության բարձր ու ազնիվ զգացմունքը։ Վերջապես վտանգի միջի կինը, էն թույլ ու անպաշտպան արարածը, որ սակայն ամեն ժամանակ ու ամեն տեղ մեծ ազդեցություն է ունեցել սխրագործությունների վրա, ասպետական ոգու վրա– ահա թե ինչն էր պատճառը, որ մեզանից ամեն մինը հարձակվողներին նկատում էր որպես անձնական թշնամիների և սլանում էր պաշտպանելու ոչ թե իբրև օտար մարդկանց, այլ իբրև իր արենակիցների» (Кавказск. сб. т. I. Отрывок из «Исповеди» Лачдинова):

Նա՝ Լաչինովը, պատմում է, թե ինչ սրտառուչ խանդավառությամբ էր դիմավորում իրենց հայ կեղեքված ու տանջված