Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի որովհետև կա, որ ինձ թվում է, թե ամենալուրջ պատճառն է հայկական կոտորածների։

Վերցրեք Թյուրքիայի քարտեզն ու մտիկ արեք։ Դա մի նոր պետություն է, որ դրսից եկել է ու կոպիտ ուժով նստել հին կուլտուրական ազգերի ու նրանց հայրենիքների վրա։ Եվ էդ երկիրներից մինը թե կա, որ նա համարում է ու դարձրել է իր հայրենիքը, ոչ Բալկանյան թերակղզին է, ոչ Աֆրիկայի հյուսիսը, այլ Անատոլիան, Փոքր Ասիան, էն երկիրը, ուր հայ ժողովուրդն էլ հնագույն ժամանակներից նստած պաշտում է իր Մեծ Հայաստանը, իր ազգային նվիրական վայրերն ու սրբությունները ու էն հողի վրա էլ հարուցանում ու զարգացնում է հայկական հարցը։ Էս տեսակետից էլ հայկական հարցը Տաճկաստանը հուզող ամենածանր ցավերից մինն է, և հետզհետե թերևս դառնա ավելի ու ավելի ծանր, քանի թուրքն ստիպված լինի սեղմվել դեպի էս կողմերը։ Եվ ահա էս հարցից ազատվելու հնարը էսպես է վճռել թուրքի պետական հանճարը՝ հայերին կոտորել կամ հալածել, քշել, գաղթեցնել։ Այո՛, վայրագ ու անօրեն է էս ճանապարհը, այլև խելագար, սակայն հաստատ։ Եվ էս ճանապարհով էլ նա արդեն հասել է մեծ հետևանքի։ Թե՛ եվրոպական մեծ պետությունների հյուպատոսների ու դեսպանների, թե՛ գիտնական ճանապարհորդների, թե հայոց պատրիարքարանի տված ստատիստիկական տեղեկություններով Տաճկաստանի ինը հայաբնակ վիլայեթներում հայ ժողովողի պրոցենտը (տոկոսը) տատանվում է 14—24-ի մեջ, իսկ ոչ մի վիլայեթում հայը չի կազմում ազգաբնակության 50 տոկոսը։ Էս դեռ 80-ական թվականների ստատիստիկան․ իսկ նրանից հետո ի՜նչքան ժողովուրդ կոտորվեց, ի՜նչքան ժողովուրդ գլուխն առավ փախավ, գաղթեց, ի՜նչքան ժողովուրդ պակասեց…

Վանի ռուսաց հյուպատոս Մայեվսկին իր «Ванский вилает» ուսումնասիրության մեջ ասում է՝ Վանի վիլայեթից 15—20 տոկոս պակասեց հայ ժողովուրդը միայն 1895 թվի կոտորածով։ Ասում է գյուղեր ու տեղեր կան, ուր ժողովրդի կիսից ավելին ջարդվեց ու գաղթեց։

Եվ էս ջարդին ու գաղթին վերջ չկա։