Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տնտեսականապես հարստացել ենք, կուլտուրապես առաջ ենք գնացել, և դեռ սպասում ենք ավելի լավ օրերի։ Ռուսաստանն էլ մեզանից ոչ մի վատություն չի տեսել անցյալում, ապագայում էլ ոչ մի երկյուղ չունի։ Էս 25—30 տարվա սառնությունն էլ, որ սկսվում է հայոց Գեորգ IV թուրքասեր կաթողիկոսի ու Դոնդուկով-Կորսակով հայատյաց կառավարչապետի օրերից, հեշտ կարող է վերջանալ Գեորգ V-ի կաթողիկոսության ու կոմս Վարանցով-Դաշկովի փոխարքայության օրով։ Ռուսական սահմանադրությունն էլ, որ ծանր երկունքով հասունացած կյանքն է ծնել, ինչ ուզում է լինի, ինչքան էլ տատանվի, դեպի առաջ է գնալու, դեպի ավելի լայն հորիզոններ ու պայծառ օրեր, թուրքական սահմանադրությունը չի որ, անակնկալ ու օտարոտի, Պոլսին տիրող բարձունքներից ընկել է թնդանոթի ռումբի հետ, հար և նման 76 թվականի Համիդյան սահմանադրության և ճիշտ նույն հանգամանքներում ու միևնույն նպատակով, մինը Տաճկաստանն ազատելու բոլգարական փորձանքից, մյուսը մակեդոնական, ուրիշ ոչինչ։ Եթե մի ժամանակ մարդիկ կային, որ չէին հավատում, այժմ էդ տեսակ մարդիկ էլ չպետք է լինեն։

Ռուսաստանում մենք ունեցել ենք և կարող ենք ունենալ կուլտուրական մաքառում։ Եվ ես համաձայն չեմ էն ողբերի ու ողբասացների հետ, թե մենք կորչում ենք էդ մաքառման մեջ: էդ տրտունջները պետք է բացատրել գլխավորապես ավելի առաջ գնալու տենչանքով: Ընդհակառակը, մի հետադարձ հայացք կհամոզեր, որ հենց ազգային տեսակետից երբեք էնքան ուժեղ չենք եղել, ինչպես էսօր։

Խոսքս եզրափակելով ասում եմ՝ մենք Ռուսաստանում գտնվում ենք աշխարհիս լավ ժողովուրդներից մեկի և լավ գրականություններից մեկի ազդեցության տակ, Տաճկահայաստանն էլ կազմում է Ռուսաստանի արևելյան ազդեցության մերձավոր շրջաններից մինը, և գրեթե միմիայն Ռուսաստանի։ Էնտեղ էլ անցյալում նա է կամեցել և այժմ էլ նա կկամենա ու կկարողանա վերջ դնել էս ծանր դրությանը։

Հարկավ, մարդիկ կլինեն, որ կառարկեն, թե էդ ամենը Ռուսաստանը արել է, կանի, որովհետև էդպես են պահանջում