Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գաղտնի քվեարկության իր ամեն հետևանքներով, որ միանգամայն անհայտ են վարչությանս»։

Հայոց գրական ընկ<երության> մասին խոսող ու դատող մարդը էսքան բանը լավ պետք է հասկանա։ Եթե չի հասկանում, վատ է, իսկ եթե հասկանում է, բայց դիտավորությամբ է պնդում հակառակը, վատ է հազար անգամ ավելի։

ՎԵՐՋ ՊԵՏՔ է ԼԻՆԻ

Մուրացկանի ու լալկանի տգեղ գիծը, որ մտել է մեր ցեղի բնավորության մեջ, շարունակ, տեղի թե անտեղի, հայտնվում է և մեր ինտելիգենտ խավերում ու, միանալով ուրիշ բացասական հատկությունների հետ, ցեղի տիպը դարձնում է շատ անսիրելի։

Հոգեկան ու բարոյական խեղճության էս արտահայտությունը զզվելիության աստիճանին է հասնում մանավանդ էն ժամանակները, երբ մեռնում են մեր գրական-հասարակական գործիչներից մինը կամ մյուսը։

Այժմ էլ հանգուցյալ Արասխանյանի գերեզմանի վրա են սկսել. — «Նա հալածված էր, նա քաղցած էր, նա մերկ էր, նա լալիս էր…»։

Եվ ամեն անգամ էլ մեր էս վատ հատկությունն ունենում է իր առանձին արտահայտիչն ու ներկայացուցիչը։ Այժմ էլ պ. Հ. Գենջյանն է հանդես եկել։ Բայց սա իր նախորդներից զանազանվում է նրանով, որ չի բավականանում միայն Արասխանյանի կենդանության օրով կրած տառապանքները ողբալով ու պատմելով, այլև մահից հետո էլ նրան ներկայացնում է «անօրինակ թշվառ»։ Եվ նույնիսկ էն րոպեին, երբ Հայոց գրական ընկերության ընդհանուր ժողովը միահամուռ հարգում էր Արասխանյանի հիշատակն ու հավերժացնում, հենց էն հանդիսավոր րոպեին էլ սա ներս է բերում հանգուցյալի «անօրինակ թշվառ ուրվականը», իբրև հանդիմանություն Հայոց գրական ընկ<երության> վարչությանը…