նրան, ոչ մի փոթորիկ չի հանգցնիլ նրան։ Նա հայ ժողովրդի հույսն է, անմարելի ու մշտավառ։
Եվ ահա վառվում են ամենքի հայացքները ներքին ուրախությունից, փայլում են ամենքի դեմքերը, և բուռն ծափերը միախառնվում են ոգևորված երգերին ու ճառերին։ Սակայն այսօր դեռ սկիզբն է, այսօր դեռ առաջին երեկոն է, դեռ շատ ու շատ երեկոներ ունենք մեր առաջ։ Եկե՛ք, միշտ եկե՛ք, էդպես սրտալի ու եղե՛ք կենդանի սյուներ ու պաշտպանները էս հաստատության, որ իր հարկի տակ է ժողովելու գրականությանը, գիտությանն ու հրապարակախոսությանը նվիրված մեր բոլոր ուժերը։
Եվ ձեզ, որ եկել եք այսօր խանդավառ ողջույններով, մոռացության տված ամեն նեղ կուսակցական խտրություն, ամենքդ միասին լցված հարազատ զգացմունքներով ու մայրենի գրականության սիրով և թև ու թիկունք եք տալիս գրական մարդկանց՝ հաղթանակով վարելու խավարի ու հույսի նվիրական պատերազմը, ձեզ, գնահատողներիդ, որ գնահատելով ստեղծողներ եք, ըստ Նիցշեի, ձեզ ամենքիդ լիասիրտ շնորհակալություն եմ հայտնում Հայոց գրական ընկերության անունից։