ու [նրա հրեշավոր] մուրհակների գրագիրը, և կեղեքիչ պաշտոնյայի պատրաստակամ գործակատարը, իսկ հաճախ հենց մի քստմնելի վաշխառու։
Ամեն մարդ, ես հավատում եմ, որ կարող է սրանցից մի քանիսին հիշել։
[Բայց] Սրանցից ավելի տխուր պատմություն ունեն այն «ուսում առած» երիտասարդները, որոնք քահանա են դարձել։ Նրանք այն գաղափարական նպատակով քահանա դարձան, որ ժողովրդին բարձրացնեն իր ընկած դրությունից, իր եկեղեցուն հավատարիմ ծառայեն և այսպիսի հազար ու մի խոստումներ, որ անդադար անում են նրանք և միշտ էլ [հիշում] ակնարկում իրանց խնդիրքների մեջ, թե մանկության օրից ուխտած են․․․
Բայց էլ գաղտնիք չի, [դրանք] որ այդ խոստումները միայն մի տեսակ կաշառ էին նպատակի հասնելու համար, իսկ նպատակը եղել է հեշտ ապրել և գռփել [եկեղեցու անունով] ժողովրդին ավելի անաստված, քան յուր հանգուցյալ տգետ նախորդը։ Պսակի ժամանակ հարսանքատերերին խեղդել, թաղման ժամանակ մեռելատերերին կողոպտել, շարունակ լաց լինել քրիստոնեության համար և միշտ որոնել ու հնարել եկամուտների նորանոր աղբյուրներ։
Ուրիշ ի՞նչ փոփոխություն մտավ մեր հոգևոր դասակարգի մեջ սրանցով և արդյոք մեղմացա՞վ ժողովրդի արդար տրտունջը—արդյոք ժողովուրդը Ավետարանի իմաստը հասկացա՞վ։
Պակաս [վտանգավոր] չեն այն ինտելիգենտ մարդիկ, որոնք սկսում են պարապել վաճառականությամբ։ Դրանք էլ խիղճ ու գիտություն վաճառում են առաջին մուշտարուն և այնուհետև ճգնում են գերազանցելու իրանցից առաջ եղող փերեզակին։ Չէ՞ որ վաճառական է—պրծանք գնաց։
Ներսիսյան դպրոցն ավարտած մի պարոն, որ վաճառական է դարձել, ծիծաղելով պատմում էր, թե 40—50 տոկոս աշխատանքով է ծախում իր ապրանքը և աշխատում էր մեզ զարմացնել, թե ինչ ճարպկություններով է կարողանում խաբել տգետ մուշտարիներին։