Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չար հոգի է։ Էդ չար հոգին է, որ էսպես մի խեղճ ու կրակ մարդու տրամադրում է, դրդում է, գրականության համար սրտացավ ու նախանձախնդիր կեղծելով, գրական մեծությունների վրա էդքան վճռական հարվածներով վեր կենա․ բայց չար հոգին և կեղծավոր է։ Եվ ահա էդ վատ հոգուցն է, որ դուք էլ հրապարակ եք իջել իբրև վսեմ ու բարձր էտիկայի բառերով, հարմար դեպք եք գտել մեծ երևալու, բայց չեք կարողանում հաղթել ձեր բնությունը և մնում եք դարձյալ ոչ միայն հասարակ Մուշ․ Բագրատունի, այլև հայտնվում եք որպես կեղծավոր Մուշ․ Բագրատունի, [որ իսկի ջենտլմեն չի, ուզում է ջենտլմեն երևա] որ ճգնում է երևա էն, ինչ որ չի իրոք, ջենտլմեն ձևանա, էն էլ էնքան բարձր, որ ձեռքը դնի հայ գրական մեծությունների գլխին ու խրատի, որ խոսում է էն, ինչ որ չի մտածում ու մինչև անգամ չի հասկանում… մեծ երևալու համար և դրա համար իսկի չի էլ քաշվում բոլոր գրական մեծություններին միանգամից դատապարտելու։ Վերջապես ե՞րբ պետք Է արդար զգացմունք ունենաք ու անկեղծ խոսեք։

Իսկ քանի էդպես [կմնաք] կլինեք, միշտ կհանդիպեի բուռն զայրույթի, որովհետև դուք շատ վատ ապրանք [ունեք, որ վաճառում եք] եք վաճառում ժողովրդին։ Զայրացած Հիսուսը Երուսաղեմի տաճարից դուրս տարավ աղավնավաճառներին։— Իմ հոր տաճարն,— ասավ,— ավազակների այր եք դարձրել³։ Մի՞թե կարծում եք նրանց աղավնուց ավելի լավ ապրանք են ձեր բթամտությունն ու կեղծավորությունը, որ գրականության մեջ վաճառում եք ժողովրդին, փոխարենը անուն ու [հարգանք] դիրք ստանալու համար։

Զայրանում եք, որ ես էսպես կամ էնպես բանաստեղծ լինելով, զայրանալ էլ գիտեմ։ Օ՜, պարոն, ես ձեզանից շատ ավելի լավ գիտեմ, որ բանաստեղծ եմ ես, և ի՞նչ<ն> <է> ավելի պատշաճ ու գեղեցիկ մի բանաստեղծի շրթունքին, քան զայրույթը, բայց արդար ու ազնիվ զայրույթը՝ չարության ու կեղծավորության դեմ։ [Արդար ու ազնիվ զայրույթը, որով որոտում են աստվածները իրենք։]

Աստված ինքը, որ բարություն է համակ ու բարության աղբյուրը, «անհնարին լի բարկությամբ ու սրտմտությամբ»