խորամուխ չի եղել, եզրակացություններ չի դուրս բերել այդ փորձերից, չի ստեղծել մի անհատական—զուտ ազգային կյանքի օրենք– ադա՛թ, որ ավանդեր յուր որդուն։ Դորա համար էլ ինքնուրույն ոչինչ չի զարգացել նորա մեջ…։
Շարունակ ապրել է տարածության վրա և ժամանակի մեջ և դեռ որոշ գաղափար չունի ժամանակի ու տարածության մասին։
Մի բան կպատմի քեզ երեկ մեկելօրից, և դուրս կգա, որ այդ երեկ մեկելօրը 20—30 տարի է…։
Հարցնում ես.— ո՞րքան է հեռու այսինչ տեղը, որ ինքը հազար անգամ գնացել է եկել, այստեղ―մոտիկ, առաջդ է, կպատասխանի․ և դու ամբողջ օրով կերթաս ու չես հասնիլ, կամ ընդհակառակը կպատահի։
Պատվի զգացմունքը թույլ է նրա մեջ, ինքնասիրությունը ապականված, հոգու առաքինի հատկությունները սասանված, խախտված։ Շողոքորթությունը, կեղծավորությունը, խորամանկությունը, ստախոսությունը, քսությունը, գաղտառությունը… կազմում են նրա բարոյական աշխարհի տիրող մասը։
Եվ մակերևույթից խոր թափանցող աչքերը կտեսնեն, որ նրա բոլոր սրբազան զգացմունքները մատչելի են դարձել ամենակեղտոտ ձեռքերի, ականջները խլացել են մաքուր ձայների համար և զգացմունքները բթացել․ նա հաց է ուզում միայն, նվազած է նրա կյանքը, նվազած, ստորացած է և նրա պահանջը։
Ահա մի քանի աղքատ տեղեկություններ մեր ժողովրդից։ Ահա այն առաքինի, նահապետական ժողովուրդը, այն առողջ, հսկա ժողովուրդը, որ այնքան ոգևորում է մեր երազուն հայրենասերներին. այն մեծանուն դատավոր «ժողովուրդը», որ իրանց կաբինետներում նստած հրապարակախոսներից յուրաքանչյուրը յուր կողմն է քաշում, իբրև մեծ բարոյական ուժ, հավատացնելով, թե իրան հետ է նա…
Ահա մենք…։
Սակայն ինձ կասեն՝ դու մոռացար… չէ՞ որ այդ գավառում,— գյուղաքաղաքներում, օրինակ՝ Շուլավեր, Ջալալ-օղլի, և այլ մեծ գյուղերում լուսավորված նոր սերունդ, երիտասարդություն կա…։