Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարծիքը, ուզում եմ դեռևս hանդիսականի դեր կատարել»: Նա իսկի հանդիսականի նման չի։ Նա իր հոդվածում հանում է Աբովյանից էն նախադասությունները, որ մերժում են օտար բառերի գործածությունը, այլև վախենալով, [թե] որ ընթերցողն իրավունք կունենա առարկելու, թե ուրեմն էլ ինչու Աբովյանն ինքը բազմաթիվ օտար բառեր է գործածում, երբ դրանց հայերեն հոմանիշները շատ լավ ծանոթ էին նաև նրան, բացատրում է, թե 40-ական թվականներին նա ստիպված էր էդպես գրելու, որ տգետ ժողովուրդը հասկանա, [ուրեմն] ասում է՝ «ակամա և այն էլ ժամանակավոր կերպով էր գործածում օտար բառերը, որոնց կողքին հենց ինքը Աբովյանը հաճախ դնում էր նաև հայերեն հոմանիշներ, որոնցից շատերն այսօր մեր գրական լեզվից դուրս են վանել իրենց մոտ մի ժամանկ բազմած օտար հյուրերին»։ Սրա վրա եթե ավելացնենք պ. Մատենճյանի «Հորիզոնի» № 167-ում տպած նրա հոդվածի հետևյալ նախադասությունը. «Նա ըմբռնել է, որ Հոմերոս թարգմանել չի կարելի սովորական աշխարհաբառով, որ ոմանք աշխատում են ճոխացնել մեր գավառական բարբառների կարկատաններով», միանգամայն պարզ կլինի նրա կարծիքն ու վերաբերմունքը թե՛ դեպի օտար բառերը և թե՛ դեպի գավառական բարբառները։ Կարծիք հայտնելն էլ ո՞նց կլինի, պոչավոր հո չի լինիլ։

[Եվ էսպես պ. Մեղրյանի հետ համակարծիք պ. Մատենճյանը]

Պարզ ու որոշ էս կարծիքն ու վերաբերմունքն ունենալով (որ և պ. Մեղրյանինն է), պ. Մատենճյանը էդ նույն կարծիքն ու վերաբերմունքը վերագրում է և Խ. Աբովյանին, նրանից տողեր է արտագրում ու հայտարարում՝ «հարազատությամբ արտագրած այս տողերը շատ պարզ կերպով արտահայտում են Աբովյանի միտքը, որ բոլորովին հակառակն է պարոն Հովհ. Թումանյանի ասածին» («Հորիզոն» 181)։

Ես էս տեսակ հանդիսական չեմ հասկանում, սա արդեն չափազանց շատ է ոտն առաջ դրել ու մտել կռվի դաշտը, և իմ իրավունքն եմ համարում բռնել պ. Մատենճյանի օձիքից։ Դե, էստեղ համեցեք, պ. Մատենճյան։