Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փրոշենի տվի, սանիաթիե շատ ունիմ, գլուխս քրուժիթսա էլավ, փեզչեստնի մարդ ա, րազփոյնիք ա, եափեթնիք օքմին ես, գնանք քուփաթսա ըլինք, սոփրանիեմեն եմ գալիս, փրոիգրաթսա արին, ճամփին ֆսեթքի ութուփնո ա, շատ խլափոթ սլուչիթսա չի ըլում և այլն․ աչքի լիս՝ մի մտածիր թե՝ լսողն ինչ կասի»։ («Վերք Հայաստ<անի>», 1858, Թիֆ<լիս>, էջ 92)։

[Սա մի՞թե էն Աբովյանն Է, որ]

Մի՞թե սա մեր վեճի առարկան է և մի՞թե սա էն Աբովյանն է, որ դուք դուրս եք բերում իմ դեմ։ Դուք սխալ եք հասկացել և՛ մեր վեճը, և՛ Աբովյանին, որի հոգին անշուշտ շատ է վրդովված, որ ոչ միայն իրեն լավ չեք հասկանում, այլև հայոց աշխարհաբար գրական լեզվի շինության մասին էս տեսակ կարծիք եք հայտնում թե՝ «…ոմանք աշխատում են ճոխացնել մեր գավառական բարբառների կարկատաններով»։ Ես շատ եմ ցավում, որ էս կարծիքը դուք Ներսիսյան դպրոցն եք տանում, ինչպես գրականության ուսուցիչ։

[Էս կետում] Նույն հայացքի լինելով, դուք, պ. Մատենճյան, նույն մոլորության մեջ եք, ինչ որ պ. Մեղրյանը։ Նա էլ իր հոդվածում («Հորիզոն», 166) Գամառ Քաթիպային բարբառ ծաղրող մեկն էր դուրս բերել [որպես բարբառները ծաղրող մեկին]։ Արտագրելով ծաղր<ելի> բարբառներ և նման նախադասություններ, որ նա ծաղրել է.

«Ստարայա կոֆտաս մոդիստկային տվել եմ պերեդելկայի։
Զոնթիկիս ռուչկան սլոնովոյ կոստ է։
Սապախտան, պոժալստա, մեզի գոստի եկեք» և այլն5։

Սա կնշանակի լավ չհասկանալ թե՛ հանգուցյալների և թե՛ մեր առաջ դրած խնդիրը։

Պարոն Մեղրյանն էլ իրեն հարց չի տալի, թե Գամառ Քաթիպան եթե էսպես ծաղրում էր [օտար բառերը] բարբառները, հապա ինչո՞ւ ինքը էնքան լուրջ վերցրել է ու գրել բարբառներով, որ նրա լավագույն գործերն են, թերևս, և ինչիցն է, որ լավ են դուրս եկել։ Ու Գամառ Քաթիպային օգն<ության> կանչող պ. Մեղրյանը չի էլ ասում, թե պատճառն ինչ է, որ օտար բառերը ծաղրող բանաստեղծը [գործ