Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եք, որ ես «հռչակվեմ իբրև հրապարակախոս»։ Դարձյալ ձեզ պետք է հանգստացնեմ, որ ես երբեք չեմ ուզեցել և չեմ ուզենալ հռչակվել իբրև հրապա<րակախոս>․․․

1911
ՊԱՏԱՍԽԱՆ Պ<ԱՐՈՆ> ԳԵՎՈՐԳ ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆԻՆ

Սիրելի բարեկամ պ. Բաշինշաղյան,

Հայ գրողները թե իրար ինչ են ասում վիճելիս, այդ մեզ զբաղեցնող առարկային չի վերաբերում, և եթե մի պարսավելի երևույթ կա ու դուք հաշտվել եք նրա հետ և չեք բողոքում, դրա համար միայն պետք է ցավել։

Մենք խոսում ենք հայ գրողի այն րոպեի մասին, որ դուք անվանում եք «նշանավոր րոպե», երբ մի ժողովուրդ գրական հոբելյան կատարելով, հարգանք է ցույց տալի իր տաղանդավոր ու վաստակավոր գրողին։ Մեզանում սովորություն է դարձել, մանավանդ ալդ րոպեներին, ցուցադրել ու ընդգծել նրա նյութական անապահովությունը։ Դուք էլ նույնն արիք վերջերս։ Ես ասում եմ այդ վիրավորական է, դուք պնդում եք, թե՝ վիրավորական բան չկա և ձեր նպատակը եղել է բարի։ Թե ձեր նպատակը բարի է եղած ու բարեկամի, ես դրա վրա մազաչափ կասկած չունեմ, բայց, թե առաջվա նման դարձյալ սխալվում եք դուք, այդ ցույց տալու համար մի պարզ օրինակ կբերեմ։

Երևակայեցեք, սիրելի Բաշինջաղյան, թե մեկին ճաշի եք հրավիրում և ասում եք՝ պարոն այսինչ, ես ձեզ շատ եմ հարգում և, որովհետև սոված եք, եկեք գնանք ճաշ տամ, կերեք։

Մի՞թե այսպիսի բան կասեք դուք ձեր հարգած մարդուն, մանավանդ, եթե նա իրոք մի նշանավոր մարդ է, տանում եք պատիվ ցույց տալու [մի որևէ սխրալի գործի] տաղանդավոր