ուսումնասիրության առնելու այդ ժամանակակից այրող խնդիրները։
Ապա մի շարք աննպաստ պայմաններ հիշատակելով հայ գրողի և գրականության վերաբերմամբ, պ. դասախոսը շեշտեց այն հանգամանքը, որ առհասարակ մեզանում արհամարհված է հայ գրականությունը, ունենք շատ քիչ տոկոս ընթերցասեր երիտասարդություն և որ հայ գրողի և գրականության համար, շնորհիվ մի շարք աննպաստ պայմանների, ստեղծված է անտանելի կացություն, և հրավեր է կարդում դասախոսը՝ սթափվել, արթնանալ խոր քնից, քանի որ այս անտարբերության ճանապարհը մեզ դեպի անկումն է տանում։
Հովհ. Թումանյանը գտնում է, որ հայոց գրական լեզուն կազմակերպման շրջանի մեջ է դեռ, և չի կարելի գրողին կանգնեցնել եղած լեզվի վրա կամ նրան ստիպել, որ գրելու ժամանակ հարմարվի հայերեն լավ չհասկացող ընթերցողին։ Ամեն մի գրող գրական լեզուն զարգացնելու գործի վրա է և միշտ կարիք է զգում նորանոր ոճերի, դարձվածքների ու բառերի։ Ասում է, որ իմ լեզվի մասին էլ ոմանք լավ կարծիքի են, բայց ես իմ լեզվի մեջ միշտ սխալներ եմ գտնում և անդադար ստիպված եմ ուղղելու, իսկ մյուս կողմից սովորում ու ընդունում եմ նորանոր ոճեր, ձևեր, դարձվածքներ ու բառեր, հետևաբար ինչպե՞ս կարող եմ մնալ նույն լեզվի վրա, էն լեզվի վրա որ դուք երեկ ավելի լավ էիք հասկանում։ Էդպես է և մեր ամբողջ գրականությունը։ Ահա դուք էսօր բողոքում եք էն գրական լեզվի դեմ, որ քսան տարի առաջ օրինակելի էր ձեզ համար։