Հարկավոր են գրականագետներ», նա մեջ է բերում հենց այս թեզն ապացուցելու նպատակով, այսինքն՝ իր ավագ գրչակցի նման նա ևս պրոֆեսիոնալ գրաքննադատություն է երազում՝ գրականության համազգային պաշտպանությունն ապահովելու համար: Այլ բան է, թե որքան էր իրագործելի այդ պաշտպանության նյութական կողմը մեկենասների օգնությամբ ապահովելու նրա ծրագիրը:
***
Թարգմանական արվեստի մասին Թումանյանն ասույթներ ունի, որոնցից մի քանիսը կարելի է բերել որպես բնաբան այդ հարցին նվիրված ուզածդ աշխատության։ Հայտնի է նրա «1922, 22 հունիս» թվակիր նամակը Խորհրդային Հայաստանի լուսժողկոմ Պ. Մակինցյանին, որտեղ նա ակնարկում է թարգմանական արվեստի դժվարություններն ու պատասխանատվության այն զգացումը, որ պետք է ունենա յուրաքանչյուր իսկական թարգմանիչ։ Հայտնի է նաև նրա պահանջկոտությունն ինքն իր նկատմամբ, երբ թարգմանում էր Պուշկինի «Ջրահեղձն» ու «Ձմեռվա իրիկունը», Լերմոնտովի «Մծիրին», Բայրոնի «Ձայլդ Հարոլդի երգը», Գյոթեի «Վարդը», Գրիմ եղբայրների հեքիաթները և այլն։ Նա միշտ ակնածանքով է խոսել թարգմանական արվեստի մասին, թեև, համեմատելով ինքնուրույն երկերի հետ, գտնում է, թե յուրաքանչյուր ստեղծագործություն թարգմանվելիս կորցնում է իր հմայքի զգալի մասը։ «Թարգմանությունը,— գրում է նա,— ապակու տակ դրած մի վարդ է» և «Գրեթե անկարելի է, որ թարգմանիչը տա բնագրի հարազատ բույրն ու հրապույրը» (1900, «Համլետի» Գ. Բաբազյանի թարգմանության գրախոսությունից) ։ Նա այս եզրահանգմանը հասնում է նաև «Թարգմանությունները և հրատարակությունները մեզանում» (1900-ական թթ․) հոդվածում՝ միաժամանակ հաջողված թարգմանության մասին գրելով. «Իմ լիասիրտ հարգանքը պ. Հովհ. Խան-Մասեհյանին, որ անգլերենից հայերենի է վերածում Շեքսպիրը, հայկական աղքատ հողում պատվաստում է, Գյոթեի խոսքերով ասենք, էն հսկայական կաղնին, որի մոտ միանում ու որից բաժանվում են գրականության բոլոր ճյուղերը։ Եվ առանձին հաճույքով պետք է ասեմ, իր գործերը կտորներ ունեն, էնքան կորովի ու թափով, որոնց հետ ռուսական լավագույն թարգմանությունները դժվար թե համեմատվեն»։
Համաշխարհային գրականության դասականներին Թումանյանն անդրադարձել է գլխավորապես հոբելյանական տարեթվերի և երկերի հայերեն թարգմանությունների կապակցությամբ։ Մեզ համար այժմ ուսանելի է այն նրբին ճաշակն ու ակնածանքը, որ հանդես է բերում մեծ բանաստեղծը համաշխարհային գրականության խոշորագույն ներկայացուցիչների նկատմամբ։ Դա բխում է այն համոզմունքից, որ հայ գրականությունը, ինչպես բոլոր ժողովուրդների գրականությունները, չի կարող ծաղկել ու փարթամանալ առանց համաշխարհային բարձր գրականության բարերար ազդեցության, առանց գաղափարների և գեղարվեստական հնարանքների այն