Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կնշանակի տգետ է, եթե չի հասկանում, կնշանակի տհաս է․ եթե մի լեզու նրա վրա չի գալիս, կնշանակի տկար է։

Այս տեսակետից մենք կարող ենք ասել, թե հառաջադիմություն ենք արել, որ, սակայն, ինձ թվում է մի թռիչք, մի հանկարծակի թռիչք։

Մենք դեռ հիանում էինք «Շուշանիկի» և «Վարդան Մամիկոնյանի» նման ողորմելի ողբերգություններով և ոգևորվելով ծափահարում Էինք զանազան անշնորհք և անմիտ շովինիստական բացականչությունների, երբ հանկարծ մեր բեմի վրա որոտաց Շեքսպիրի վիթխարի հանճարն Ադամյանի բերանով, և մեր առաջ դուրս եկան «Համլետ», «Օթելլո», «Արքա Լիր» և մյուսները, այդ՝ մարդկային խորիմաստության և ֆանտազիայի ամենավսեմ ստեղծագործությունները, որոնց բարձրությանը չի հասնում նույնիսկ հանճարեղ քննադատի մտքի թափը։

Այս կայծակի րոպեական շլացնող փայլ էր, որ անցավ ապշած հասարակության առաջից, որ միայն զարմացավ և աղաղակեց՝ առանց հասկանալու և սիրելու։ Այս «խավյար էր ամբոխի համար», ինչպես ասում է Համլետը։

Մյուս կողմից մեր գրականությունը այն վիճակի մեջ էր, որ նույնիսկ մի կարգին լեզու չուներ իրան համար, ամեն հեղինակ առանձին լեզվով ու ոճով էր գրում, հորինելով մի ընդհանուր ժխոր, որ անկարող էր վսեմ ներդաշնակությամբ մի բարձր միտք, մի խոր զգացմունք հայտնելու, և հանկարծ աստվածային Շեքսպիրին խոսեցրին հայոց լեզվով, իրար ետևից թարգմանություններից թարգմանելով «Շեյլոկ», «Օթելլո», «Արքա Լիր», «Համլետ» և այլն։ Եվ, իհարկե, այդ բոլոր գործերն, իրանց վրա կրելով ժամանակի անկարողության կնիքը, թարգման չդարձան Շեքսպիրի և մեր մեջ, չդիմացան հասարակ քննադատության դատաստանին և չմնացին ընթերցողի սեղանի վրա, ինչպես վայել էր Շեքսպիրի ձեռքի գործերին։

Այս գրության մեջ էր Շեքսպիրյան գրականությունը մեր մեջ, երբ երկու տարի առաջ Թիֆլիսի հայոց հրատ․ ընկերությունը հրատարակեց «Համլետ», անգլերենից թարգմանեց Հովհաննես խան Մասեհյան»։