խոսք ուղղել Թորամանյանին, որի երկարամյա տքնության շնորհիվ աշխարհն իմացավ, «թե գոյություն է ունեցել հայկական ինքնուրույն ճարտարապետություն և հայկական ինքնուրույն ճարտարապետությունը ազդել է թե՛ հարևան և թե՛ հեռավոր ազգերի ճարտարապետությունների վրա», որ «Թորամանյանն ստիպում է ազգերի արվեստների պատմության մեջ նոր գլուխ բաց անել «Հայոց ճարտարապետություն» վերնագրով»։ Թումանյանն, իրավացիորեն, դա մի խոշոր հայտնություն է համարում ոչ միայն օտարների, այլև հայ հասարակության համար։ նա, որ փայփայում էր հայ ժողովրդի ազգային վերածննդի նվիրական գաղափարը, այս դեպքում ևս խնդրին մոտեցել է այդ դիրքերից։ «Արդյոք մի որևէ ձևով՝ վճռվե՞ց հայկական հարցը» — «Լսենք և պաշտպանենք» հոդվածում հարցնում է նա և պատասխանում՝ «Ո՞վ գիտե»։ Նա մեծ հավատ չունի հարցի քաղաքական լուծման նկատմամբ, բայց կուլտուրական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները, օրինակ՝ գրական, պատմական, ազգագրական, երաժշտական և ուրիշ ընկերությունների ստեղծումն ու ակտիվ գործունեությունը, ինչ-որ չափով հուսադրում են նրան։ Նա համոզված է, որ ժողովրդի փառավոր անցյալի պատկերները՝ պահպանված ժողովրդական ստեղծագործության, արվեստի և հատկապես հայկական անկրկնելի ճարտարապետության մեջ, թնդանոթների ուժ ունեն, որոնցով կարելի է նվաճել օտարների անառիկ բերդերը՝ նրանց համակրանքն ու ակնածանքը և դրանով նաև՝ ապրելու իրավունքը Երկիր մոլորակի վրա։ Սա բարձր ու սուրբ ծրագիր էր, անկախ այն բանից, թե որքան էր իրագործելի։
Այդ ծրագիրն իրագործելու համար Թումանյանը պայքարի ասպարեզ է հանել նաև իր սեփական «թնդանոթները», գեղարվեստական հանճարեղ ստեղծագործությունները, հուժկու, ներգործուն հրապարակախոսությունը և բուռն հետաքրքրությունը նույնիսկ արվեստի ամենաերկրորդական թվացող ճյուղերի նկատմամբ։ Այս տեսակետից օրինաչափ է, որ հենց նա պիտի նկատեր մեր կիրառական արվեստի դպրոցների նախօրինակը՝ տիկին Վերմիշյանի «ձեռարվեստի դպրոցը» և հայ մտավորականությանը կոչ աներ գործնականորեն աջակցել այդ հաստատությանը («Պետք է խրախուսել», 1911)։
Անցել էին այն ժամանակները, երբ հայոց ազգային բանաստեղծն իր հորդորներով պիտի մեկ առ մեկ դիմեր հայ վաճառականին, զինվորականին, գրողին, քարոզչին, գիտնականին, զայրացած պահին ասելով, թե իր համար ոչ մի նշանակություն չունի մեկի փողը, մյուսի սուրը, երրորդի քանքարը, եթե դրանցից շահ չունի Հայաստանը։ Քսաներորդ դարի առաջին տասնամյակներում ռոմանտիկ ֊ ազգասիրական դիմումներն ու կոչերը մղվել էին երկրորդ պլան։ Սակայն ազգային վերածնության գաղափարը մնացել էր, և Պատկանյանից հետո հանդես եկած ամենայն հայոց բանաստեղծը, բնականաբար, նույն պահանջները պիտի ներկայացներ, բայց այլևս ոչ հայ «պաչոտնիներին» համոզելու հույսով, այլ գործնական առաջարկություններով, վերափոխության պրակտիկ ծրագրերով, որոնք ծագում էին սոցիալական հզոր տեղաշարժերի դարաշրջանում։