Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/571

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որքան է ստիպված եղել բանաստեղծը զիջել քաղաքացուն, իր բառերով ասած՝ «կյանքը հրապարակ արած»։

Հարկ չկա մեկ առ մեկ անդրադառնալ հիշատակված հոդվածներին։ Առանձնացնենք միայն «Հայկազյան ընկերությունը» հոդվածն ու ընկերության հիմնադիր ժողովում Թումանյանի ունեցած ելույթը, 1917 թ. մայիսի 31-ին։ Ինչպես հոդվածում, այնպես էլ ելույթի մեջ, որպես հիմնադիր անդամ, նա խոսում է ընկերության նպատակների մասին՝ շեշտելով հայոց համալսարան և ակադեմիա ստեղծելու անհրաժեշտությունը, որոնց շուրջ համախմբվեին աշխարհի բոլոր ծագերից հավաքված հայ գիտնականները, գրողները, արվեստագետները, մշակութային գործիչները, պահանջում է Հայկազյան գրադարան, որի մեջ հնարավոր լիներ հավաքել հայերեն և հայերի ու Հայաստանի մասին հրատարակված բոլոր գրքերը, կոչ է անում «ազգովին» աջակցել ու պաշտպանել ընկերությանը, քանի որ այն գիտում է որպես մի այնպիսի կենտրոս, որն ունակ լիներ ղեկավարել հայոց հոգևոր կյանքը։ «Մինչև այժմ,— ասել է նա,— հայ ժողովուրդն ունեցել է մի հոգևոր կենտրոն, էջմիածնի տաճարը, այժմ մենք ուզում ենք կառուցանել մի նոր տաճար՝ գիտության, գրականության ու գեղարվեստի տաճարը — Հայկազյան ընկերությունը։ Եվ հայ ժողովուրդը թե՛ նյութական, թե՛ մտավորական կարողություն ունի այս նոր տաճարը կառուցանելու։ Մենք չունինք գրականությանը նվիրված պրոֆեսիոնալ գրողներ, սրանից հետո պիտի ունենանք։ Մենք չունինք հայ գիտնականներ, սրանից հետո պիտի ունենանք։ Մենք չունինք հայ գեղարվեստագետներ, սրանից հետո պիտի ունենանք։ Եվ ապագայում հայոց կուլտուրայի զարգացման պատմությունը գրողը պետք է բաժանի երկու շրջանի — մինչև Հայկազյան ընկերությունը և Հայկազյան ընկերությունից հետո»։

Ինչպես տեսնում ենք մինչ Հայկազյան ընկերության հիմնադրումը, Թումանյանը հայության համար տեսել է միայն մի «հոգևոր կենտրոն, էջմիածնի տաճարը», որի հետ, հայկական պետականության չգոյության պայմաններում, որոշակի հույսեր է կապել՝ «բարձր» ատյաններում ժողովըրդին հուզող հարցերը դրականորեն լուծելու համար։ Այս է պատճառը, որ նրա հրապարակախոսական ժառանգության մեջ զգալի տեղ են գրավում եկեղեցական գործերին, հատկապես մայր աթոռին վերաբերող նյութերը։ 1910 թ. կաթողիկոս Իզմիրլյանի մահից հետո, երբ սկսվեցին կաթողիկոսական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, Թումանյանը դրանց ամենաակտիվ մասնակցություն էր հանդես բերում, ավելին՝ նա, փաստորեն, գլխավորում էր «Հորիզոն» թերթի շուրջ համախմբված գործիչներին՝ պայքար մղելով մշակականների դեմ։ Կաթողիկոսական ընտրությունների կապակցությամբ նրա տպագրած հողվածներն ու թղթակցությունները, մասնավորապես Հ. Առաքելյանի դեմ ուղղված «Հ. Առաքելյանը և էջմիածնի վերջին դեպքեր» և այլն, աչքի են ընկնում իրենց կրքոտությամբ, սակայն այդ կրքոտությունը չի կարելի դիտել որպես սոսկ Հ. Առաքելյանի նկատմամբ անձնական հակակրանքի արտահայտություն։ Թումանյանն անզիջում պայքար էր մղում հայոց հոգևոր