35 տարի է, որ դրված է եվրոպական դիվանագիտության առջև և էդ էլ հաշվում են Բեռլինի դաշնադրության օրից։
Մի հիմնական սխալ, որ մարդկանց մտածողությունը սահմանափակելով էս 35 տարվա ժամանակի ու դեպքերի շրջանակում, պատճառ է դառնում շատ սխալների։
Սակայն, եթե ազատվենք էդ մեծ սխալից, հարցին նայենք ավելի մեծ տարածության վրա, հեշտ էլ կճանաչենք նրա բնավորությունը, ավելի հաջող էլ կմոտենանք նրա բանական ու բնական լուծման հնարավորությանը։
Եվրոպական դիվանագիտության համար, այո՛, 35 տարի է, ինչ որ զոյություն ունի հայկական հարցը, բայց մեզ համար էլ հո էդպես չի, 35 տարի չի, ինչ որ գոյություն ունի նա։
Երկրորդն էլ մեր հարցը Բեռլինից չի սկսվում և եվրոպական պետությունները չեն դրել, այլ Սան-Ստեֆանոյից է սկսվում և ռուսներն են առաջին անգամ հայկական հարցը մտցրել միջազգային խնդիրների շարքը։
Էս երկու ճշմարտության մշտապես հիշելը շատ է կարևոր և շատ բան են ասում սրանք։
Հայկական հարցը շատ չէ հին։ Իր ամբողջությամբ նրան մեզանում քչերն են ծանոթ ու տեղյակ։ Նա իր սկզբնական շրջանում զուտ քաղաքական խնդիր էր և հետամուտ էր ձեռք բերելու հայի կորցրած քաղաքական անկախությունը։ Բայց ժամանակի ընթացքում ջախջախվեց ինքը՝ հայ ժողովուրդը, ջախջախվեցին նրա ուժերն ու հույսերը ու իջնելով, իջնելով պարսկական ու տաճկական բռնակալության աակ՝ պահանջը հասավ մինիմումի։ Եվ էսօր նա հանդես է գալիս արդեն լոկ որպես քաղաքացիական ազատության խնդիր, որ իր պահանջը վերջիվերջո ձևակերպում է էսպես, կյանքի, գույքի, պատվի և կուլտուրական զարգացման ապահովություն։
Թե հայոց հարցը քաղաքացիական խնդիր է, ոչ թե քաղաքական, էդ լավ գիտեն թե՛ Եվրոպայում, թե՛ Տաճկաստան