Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա թե ինչու։

Սխալվում են իմ բարեկամները և առհասարակ նրանք, որոնք կարծում են, թե մի որևէ Հ. Առաքելյանի, մի սոսկական վատ անհատի անջատ, սեպարատ խնդիր է սա։ Ո՛չ, հազար անգամ ո՛չ։

Սա հասարակական բարքի խնդիր է։

Ինչպես ֆիզիկական հիվանդությունները ունեն իրենց առանձնահատուկ հաստատ սիմպտոմը, ախտանշանը, էնպես էլ հասարակական-բարոյական հիվանդությունները ունեն իրենց ախտանշանը։ Եվ եթե մի աննշմարելի սունկ կամ բացիլ երևեցած ժամանակ կարելի է սարսափել ու ոտի կանգնել ամբողջ հասարակություններով ու գիտության տված բոլոր միջոցներով՝ դեմը կռվելու համար, թե ինչ է՝ վտանգ է սպառնում մեր ֆիզիկական գոյությանը, ինչո՞ւ չի կարելի ալեկոծվել և էն դեպքում, երբ ենթարկվում ենք բարոյական ախտի վտանգին և որպես ախտանշան մեր առջև վատ մարդն ինքն է կանգնում։ Եվ քանի որ ես էսպես եմ մտածում ու էսպես եմ ընդունում նրան, Հ. Առաքելյանին, ես չեմ կարող համաձայնել իմ բարեկամների հետ։

Հ. Առաքելյանը ինձ համար մեր ազգային հասարակական բարքերի անկման ախտանշանն է։ Եվ երբ նա ասում է, էս քառասուն տարի է հրապարակի վրա եմ, ես սարսափում եմ մտածելով մեր բարքերի մասին, իսկ բարքերի խնդիրը թե՛ անհատի, թե՛ ազգերի կյանքում մեծ, առաջնակարգ խնդիր է։

Մարդկային բարքն է հիմքը բոլոր կրոնների ու օրենքների և ամեն ժամանակ ժողովուրդները իրենց պաշտած Աստծո գահը դրել են նրա վրա, և հենց իրենք աստվածները եղել են ու են բարքի, բարոյական հասկացողության բարձրագույն զարգացումն ու կատարելությունը։ Բարքի խնդիրը մարդկային առաքինությունների խնդիրն է, հոգու, սրտի, խղճմտանքի մեծ խնվիրն է։ Լավ ու վատ բարքիցն են ծնունդ առնում կյանքի մեջ բարիքն ու չարիքը թե առանձին անհատների, թե ազգերի և թե ընդհանուր աշխարհքի համար։