Մեծ պատերազմին, երբ ամեն ժողովուրդ իր բոլոր ուժերն ի մի է բերում ու լարում ընդհանուր գործի ու նպատակի անունով, հայ ժողովրդի համար բախտավորություն էր, որ ստեղծվեց Հայոց ազգային բյուրոն։ Ազգային բյուրոն բերում էր էն համերաշխությունն ու միությունը մեր մեջ, որ անհրաժեշտ էր շատ խորհրդավոր ու ծանր ժամանակին։ Առանց կուսակցության խտրության մեր բոլոր ուժերը հավաքելով ի մի, նա գալիս էր իր ուժի չափ օգնելու էն պայքարին, որ փոքր ազգեիրն իրավունք ու ազատություն էր խոստանում։
Սրանից ավելի մեծ ու սրբազան նպատակ հո էլ չի՞ կարող դրվել մի ժողովրդի առաջ, սրանից ավելի հարմար մոմենտ հո էլ չի՞ կարելի երազել, սրանից ավելի ցանկալի մարմին հո էլ չի՞ կարելի ստեղծել։
Եթե մենք մի ժողովուրդ ենք, որ արժանի ենք ավելի լավ օրերի ու ապագայի, պետք է սնունդ ու ծավալ չառնեն անմիաբանության վատ ջանքերը մեր մեջ մեր սրբազան ձգտումի վայրկենին, պետք է համախմբվենք, մեր բոլոր ուժերը միացնենք ու տանենք օժանդակելու Ռուսաստանի ու Եռյակ համաձայնության հաղթանակին, որ՝ ինչպես բոլոր դաշնակից պետություննեիի ու Ժողովուրդների՝ էնպես էլ մեր հաղթանակն է և պահանջում է անկասկած ու կուռ միություն մեծ պատերազմի հանդեպ՝ մեծ ապագա ստեղծելու համար։