Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կառավարող դասակարգը։ Մինչև որ զզվեցրեց ու զայրացրեց վերջնականապես, մինչև որ տանուլ տվեց միանգամ ընդմիշտ, և բոլոր ժողովուրդները իրար ետևից կտրվեցին, ազատվեցին՝ անիծելով ու նզովելով։

Եվ էսօր, երբ մենք էլ ամենից վերջը, արյունաթաթախ ու ծվատված, նրանից միանգամ ընդմիշտ պոկվելու, ազատվելու վրա ենք, ասես թե նորից լսում ենք մեր հազար-հազարավոր հերարձակ քաշքշվող անբախտ աղջիկների ու կանանց ծղրտոցը ու նորից ամրանում ենք մեր պայքարի ճանապարհին, մեր հզոր պաշտպանի ու դաշնակցի՝ մեծ Ռուսաստանի հետ և պարզ գիտակցում ենք, որ անխուսափելիորեն քստեղ պետք Է հասնեինք, որ անկարելի էր ապրել նրա հետ։

Եվ նույնիսկ նա ինքը՝ մահմեդական աշխարհը, նրա ամեն մի ազգն ու պետությունը, եթե ուզում է ապրի, պետք է հրաժարվի ո՛չ թե հարեմից արտաքուստ, այլև հարեմական հայացքից ներքուստ։ Անկարելի բան է և՛ հարեմ պահել, և՛ առողջ պետություն, անկարելի բան է և՛ հարեմ ունենալ, և հառաջադիմել ու մտնել հառաջադեմ ազգերի շարքը։ Մի հանգամանք, որ արդեն զգում է մահմեդական աշխարհքի առողջամիտ մասը և ձգտում է կանգնել նոր ճանապարհի։ Եվ, անշուշտ, նրանից հետո նոր ճանապարհին հետզհետե հարթվելու, մոռացվելու են անցյալի բոլոր դառնություններն ու դժբախտ դեպքերը, և ստեղծվելու է իրար հետ, կողք-կողքի եղբայրորեն ապրելու հնարավորություն։


ՀԱՆԳԻՍՏ ՈՒ ԼԻՔԸ ՀԱՎԱՏՈՎ

Քուրդ-տաճկական սրածությունն ու ավերածությունն ամայացնում է տաճկական Հայաստանը։ Մինչև ուր հասնում է իրենց միշտ արյունոտ ու հավիտյան նզովված ձեռքը, համատարած կոտորածով ճգնում են բնաջինջ անեն մեր հին ու ազնիվ ցեղը, մեր շատ տառապած ու ծվատված ցեղը, և