1855 թվին, երբ Ռուսաստանը հասել էր Պոլիս, երևաց դարձյալ Անգլիան, միաբանության բերեց մեզ անմիաբանությամբ հայտնի եվրոպական կոնցերտը, և ոչ միայն Տաճկաստանն ազատեցին ռուսի ձեռքից, այլև ռուսին ջարդեցին ու թուլացրին միացյալ ուժերով, իսկ սուլթանին ուժեղացրին, ստեղծեցին նրա համար մի անձեռնմխելի արտոնյալ դիրք և նրա արյունոտ ձեռքն ավելի ծանր հաստատեցին Տաճկաստանի քրիստոնյա ժողովուրդների, նրանց թվում և հայերի վրա, որոնք արնաքամ եղան մինչև 1878 թվականը։
1878 թվականին էլ, երբ կրկին բրդավ ռուս-տաճկական պատերազմը, և երբ դարձյալ ռուսական բանակը հասավ Պոլսի շեմքը, դարձյալ երևաց Անգլիան, դուրս հանեց իր նավատորմիղը և ռուսին կանգնեցրեց Սան-Ստեֆանոյում։ Ապա Գերմանիայի հետ հաղթողին տարավ Բեռլին, դիպլոմատիական ջարդ տվեց նրան և միաժամանակ ջարդեց հայկական հարցը, կամ ավելի ճիշտը՝ թարսեց, 16-ը շինեց 61, ռուսաց զորքի փոխարեն հոդվածի մեջ մտցրեց սուլթանի անունը և նրա բարեհայեցողությանը հանձնեց հայ ժողովուրդը, էս բոլորի համար ստանալով Կիպրոսն ու հայկական հարցի մոնոպոլիան։
Մենք զարմացանք Բեռլինում կատարված էս ֆոկուսի վրա, թե ինչպես 16-ը դարձավ 61, ուրախացանք, որ դարձանք 6 մեծ պետության հոգածության առարկա ու Բեռլինից գնացինք Լոնդոն, էնտեղ էլ տեսանք ինչ գեղեցիկ ճառեր են ասում…
Մինչդեռ մեր աշխարհքում հետզհետե մեծանում էր մեզ ու ռուսին իրարից բաժանող տարածությունը, պաղում էին հին լավ հարաբերությունները, ստեղծվում էին նոր հարաբերություններ անպայման վնասաբեր երկու կողմի համար էլ, թե՛ մեծի, թե՛ փոքրի, թե՛ ռուսի, թե՛ հայի։
Եվ ահա վրա հասան 1894―96 թվականների կոտորածները, երբ Կովկասում հայ-ռուսական հարաբերությունների պաղությունը