ունենք մեր արժանավայել ներկայացուցչությունը, և ինձ էնպես է թվում, թե էսօր Շեքսպիրի գերեզմանի վրա արդեն կանգնած է հայկական Համլետը՝ հոգիացած Ադամյանը, իբրև հայության ներկայացուցիչ, և դժվար թե ուրիշ որևէ ազգ էլ կարողանա ավելի գեղեցիկ մի ներկայացուցչություն ունենալ էսօրվան օրը՝ Ստրադֆորտում իր հարգանքն ու մեծարանքը ցույց տալու համար։
Հարգանք անգլիական մեծ ազգին, որ մարդկությանը էնքան մեծ հանճարներ ու հանճարեղ կարգեր է տվել, հարգանք իսպանական ազգին, որ կարող է միշտ պարծենալ իր շատ մեծ զավակների անուններով, և հարգանք նրանց հանճարեղ զավակների՝ Շեքսպիրի ու Սերվանտեսի անմահ հիշատակին։
<ԽՈՍՔ ԱՐՏԱՍԱՆՎԱԾ ՇԵՔՍՊԻՐԻ ՄԱՀՎԱՆ 300-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ>
Հարգելի հայրենակիցներ.
Անգլիայի մեծ մարդկանցից մինը, Կարլեյլ, ասում է. Անգլիական ցեղը մեծացել, ծավալվել, ցրվել է աշխարհքով մին՝ Մեծ Բրիտանիայից սկսած մինչև Ամերիկա, Աֆրիկա, Հնդկաստան, Ավստրալիա և շատ հեռավոր կղզիներ։ Եվ շատ տեղեր հաստատել է նույնիսկ ինքնուրույն իշխանություններ։ Այլևս ոչ մի թագավոր չի կարող իր գայիսոնի տակ ամփոփել անգլիական ցեղը։ Միակ թագավորը, որ կարողանում է իր իշխանությունը տարածել համատարած անգլիական ցեղի վրա ու ամեն տեղ պահպանել նրա ազգային ամբողջությունը, դա Շեքսպիրն է։
Սակայն միայն անգլիական ցեղը չի, որ շաղկապում ու համերաշխության մեջ է պահում Շեքսպիրը։ Նա միաժամանակ բոլոր ժողովուրդներին է մոտեցնում՝ ինչպես անգլիական ազգին, էնպես էլ իրար։ Եվ արդեն սրա մեջն է բանաստեղծության ու առհասարակ գեղարվեստի կախարդական