հրատարակությունների մասին։ Էս հաշվետվությունից երևում է, որ հայերը, իրենց հրատարակած գրքերի թվով, իրենց հարևան ժողովուրդների մեջ վերջին տեղն են բռնում։
1915 թվականին թուրքերը հրատարակել են 325 կտոր գիրք, վրացիները 247, հայերը 159։
Ես ուզում եմ դեռ ավելի սաստկացնել պարոն Չալխուշյանի ազնիվ վիշտը։
Թող նայի հայերեն գրքերի ցուցակին և կտեսնի, որ դրա մի մասը արտատպություն է, մնացածի մի մասն էլ անպետք ու տպագրության անարժան գործեր, և վերջիվերջո տակը մնում է շատ խեղճ ու ողորմելի մի բան։
Պարոն Չալխուշյանը էս դժբախտ ինչուի հանդեպ աղաղակում է՝ «Քնե՞լ ենք, թմրե՞լ, թե արդեն հնացել, մաշվել, քամվել, չգիտեմ…»։
Ինչո՞ւ է էսպես։
Եվ, սրա ճարի վրա մտածելով, վերջը գալիս է էն եզրակացությանը, թե չպետք է շատ օժանդակել համալսարանական ուսանողությանը, այլ պետք է ծավալել տարրական ուսումը, կրթել ազգը, ու մենք կունենանք և՛ գրականություն, և՛ ճոխ ու շատ հրատարակություններ…
Ո՛չ, և հազար անգամ ո՛չ, ազնիվ հայրենակից, պարոն Չալխուշյան, ո՛չ համալսարանական ուսանողության խորթությունն է հայոց գրականության խեղճության պատճառը, ոչ էլ տարրական ուսման պակասը։ Սա ունի մի հիմնական պատճառ, որի շուրջը շատ են պտտվել, բայց մեջը չեն մտել և վերացնելու մասին էլ մտահոգություն չեն ունեցել։
Եվ էս հիմնական պատճառը գտնելու համար երբեք չպետք է դիմել հրատարակություններին, գրքերին։ Գրքերը անշունչ թուղթ են, նրանք ձեզ ոչինչ չեն ասիլ, նրանցից չեք կարող իմանալ, թե ինչու են իրենք քիչ դուրս գալիս, դրա համար պետք է դիմել էդ գրքերը գրողներին, նրանցից պետք է հարցնել ու իմանալ, թե՝ ինչո՞ւ են իրենք քիչ գրում։