Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խնդիրն անվանվեց Տաճկաստանի ներքին գործ և նրանց բարօրության համար միանգամայն բավարար նկատվեց սուլթանի Հատտը-Հումայունը։

Էստեղ, Փարիզում ստեղծվեց էն ամենը, ընչով որ սուլթանն իրեն զգում էր ուժեղ ու ապրում էր նրա բարբարոսական կառավարությունը, իսկ նրա հպատակ քրիստոնյա ժողովուրդները՝ դժբախտ, ու տառապում էին՝ օրհասական մաքառումներով ցույց տալով իրենց կենդանությունն ու վերածնվելու ձգտումը։

Եվ ահա Փարիզյան կոնգրեսի ու դաշնադրության վրա խոսելուց հետո էսպես է եզրափակում իր խոսքը մարդկության պատմությունը:

«Եվ էսպես, ասում է, քրիստոնյա պետությունների և ժողովուրդների մեջ եղած հակամարտության պատճառով, նրանց դեպ իրար ունեցած նախանձի պատճառով, էն մշտական անվստահության պատճառով, որով նրանք հսկում էին իրար, և վերջապես, էն երկյուղի պատճառով, որով նրանցից ամեն մինը վերաբերվում էր մյուսի ազդեցության շրջանի միակողմանի ծավալումին ու զորացմանը,― եվրոպական պետությունները իրանց հովանու տակ առան տաճկական գիշատիչ պետությունը ու երկարացրին նրա գոյությունը, մտիկ չտալով, որ նա խորտակում է իր ազգաբնակության կուլտուրան և ինչպես իր մուսուլման, էնպես էլ քրիստոնյա հպատակների վերաբերությամբ անընդունակ է կատարելու իր պետական պաշտոնը։ Էդ ժամանակից տաճկական պետության գոյությունը միայն մի նպատակ է ունեցել՝ արգելել իր սահմաններում ապրող ժողովուրդների պատմական զարգացումը ու ձգձգել Բալկանյան թերակղզու նահանգների վիճակի որոշումը» («История человечества», т. VIII, под ред. Гeльмольдта)։

Եվ ահա տաճկահայ ժողովուրդն իր հարցով նույնպես եղել է եվրոպական պետությունների հակամարտության դժբախտ զոհերից մինը, և անպայման ամենադժբախտը։

Ամենադժբախտը, որովհետև գտնվում էր Թուրքիայի