Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կամ մի Պ. Ադամյան, որ ազգի պարծանքը դառնալուց հետո, երբ հիվանդանա ու մահվան մահճում դիմի իր ժողովրդին՝ սառը լռություն լինի պատասխանը, և ռուսները օգնեն հեռու Մոսկվայից, ռուսները տանեն պատսպարեն և ռուսաց դեսպանական հիվանդանոցում փչի իր վերջին շունչը…

Կամ Գամառ-Քաթիպայի պես մեկը ամբողջ ազգի կուռքը դառնալուց հետո էլ, երբ մեռնելու վրա էր, կարդում էր իր աչքով, թե ինչպես են հեռագրում ու թերթերում տպում, թե սնունդի ու դեղի փող չկա իրեն համար, և մարդը մեռավ իր վերջին ոտանավորներից մեկի տողերը շրթունքին. «խղճալի ազգ եք, հայե՛ր, դուք ավա՜ղ…»։

Կամ մի Պարոնյան։ Էնքան տաղանդավոր գործեր կուտակելուց հետո էլ ստիպված էր կանաչի ծախելով ապրել և մեռնել իբրև մի խեղճ խանութպան…

Բայց ո՞ր մեկն ասեմ… Չի կարելի հանդիսավոր օրերը գրականությունը մեջտեղ դուրս բերել խաչվառի նման ու հանդեսից հետո, նորից ետ տանել կոխել մի մութ խորան, որտեղից դուրս էին բերել։ Եվ եթե ասում եմ մեր ժողովուրդը ազգովին պաշտպանում է կամ պետք է պաշտպանի էս տեսակ մարդկանց, բնավ ես էնպես չեմ մտածում, թե մի բարեգործություն պետք է անի կամ մարդասիրություն կամ սրա նման մի բան։ Երբե՛ք։ Այլ, ասում եմ, նա պետք է գոնե որոշ չափով պարտավճար լինի, քանի որ արդեն ստանամ է ավելի շատ, քան տալիս է, և իր պարտաճանաչությունը արդարացնում է իր ետամնացությունով։ Եվ էսպես է պահանջում նրա ազգային շահը ամեն տեսակետից։

Ահա հենց «Հորիզոնի» էն վերջին համարում, ուր տպված էր իմ նախորդ հոդվածը, հենց նույն համարում մի հարգելի հայուհի հոդված է գրել «Մեր ցավերից խոշորագույնը» վերնագրով։ Գանգատվում է, թե Իգդիրից մինչև Բաքու անց է կացել և հայերի բերանից հայերեն խոսք չի լսել: