Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո եղա և Արծրունու խմբագրատանը, մի երկու անեկդոտանման բան էլ տվի թերթի համար։ Բայց ամենից դժարն ու ամենից ծիծաղաշարժը Ադամյանի հետ ծանոթանալս եղավ։ Հեշտ բան չէր էն ժամանակ մի աշակերտի համար՝ Ադամյանին տեսնել բեմի վրա։ Ներսիսյան դպրոցի աշակերտներին արգելված էր թատրոն գնալը։

Թատրոնի վերաբերությամբ անողոքելի խիստ էր մեր վերակացու պարոն Գրիգորը։ Նա թատրոնը համարում էր անբարոյականության վայր և ամեն կերպ աշխատում էր «էս արդար երեխանցը» հեռու պահի էն նզովյալ շինությունից։ Ինքն էլ կյանքում թատրոն չէր գնացել ու չէր գնում։ Տարին մի անգամ, բարեկենդանին էլ, երբ դպրոցից հրամայում էին՝ «Վարդանանց պատերազմի» ներկայացմանը որդեգիրների հետ թատրոն գնա, ստիպված գնում էր, բայց ներկայացման ժամանակ նստում էր երեսը ետ շրջած ու մեջքն արած դեպի բեմը։

Ահա էս ժամանակ, Ադամյանի թունդ ժամանակը, Լոռուց Թիֆլիս եկավ իմ հին ուսուցիչը, Տիգրան Տեր-Դավթյան, որին պարտական են իմ հասակակից գրեթե բոլոր գրագետ լոռեցիները, և իր նախկին աշակերտներից մի քանիսին հավաքեց, թե եկեք ձեզ տանեմ Համլետի ներկայացմանը, Ադամյանին տեսեք Համլետի դերում։ Տարավ։ Տեսանք։ Էդ գիշերը ինձ համար եղավ մի կախարդական գիշեր և գրեթե վճռական նշանակություն ունեցավ իմ ամբողջ գրական կյանքում։ Էդ գիշեր ես էնքան սիրեցի Համլետը և հետո էլ Շեքսպիրը, որ մի քանի դրամա գրեցի ու միշտ ոչնչացրի, որովհետև… Շեքսպիրի գրածների նման չէին դուրս եկել։ Սակայն էնքան ուժեղ էր կախարդանքը, որ մինչև օրս էլ ես ինձ դրամատուրգ եմ համարում, քան ուրիշ մի բան։

Էն գիշերից հետո ես գաղտնի ճանապարհով դարձյալ ընկա Ադամյանի ներկայացումներին, և մինչև անգամ մի գիշեր էլ խաղացի նրա հետ։ Էդ խաղը, որ բոլորովին անակնկալ, մի սկանդալ դուրս եկավ ու խեղճ Ադամյանին գրեթե սպանեց