Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարբեր քաղաքակրթություններ ու աշխարհայացքներ։ Հազարավոր տարիների ընթացքում էդ աշխարհներից ամեն մինը հանդես է բերել իր էս կամ էն գերազանց ուժը՝ իբրև իրեն ներկայացուցչությունը մյուսի հանդեպ։ Եվրոպա կամ Արևմուտք ասելով մի ժամանակ Հունաստան են հասկացել, նրանից հետո Հռոմ և կամ Բյուզանդիա, ինչպես որ Ասիա, և հատկապես Արևմտյան Ասիա կամ Արևելք՝ երբեմն Բաբելոն կնշանակեր, երբեմն Ասորեստան, երբեմն Պարսկաստան և երբեմն արաբական խալիֆայություն։

Եվ մինչդեռ քրիստոնյա արևմուտքի ժողովուրդները ժամանակի ընթացքում վեր են կենում հեգեմոնիայի դեմ ու ձգտում են հավասարակշռության, մյուս կողմից իսլամական արևելքը արաբական գերիշխանությունից հետո ընկնում է թուրքի գերիշխանության տակ և XIV դարից սկսած Թուրքիան հանդիսանում է արևելքի ներկայացուցչությունը արևմուտքի հանդեպ մինչև էսօր։

Եվ Բաբելոնից, Ասորեստանից, Պարսկաստանից ու արաբական իշխանաթյուններից հետո Արևելքը երբեք չէր ունեցել էսքան վայրենի, էսքան անկուլտուր ու անարժան մի ներկայացուցչություն։ Մինչև թուրքական գերիշխանությունը՝ Արևելքը, որ կրոններ էր տվել աշխարհքին, փիլիսոփայական սիստեմներ, շատ մեծ բանաստեղծներ ու գիտություններ, մեծ էլ հարգ ու հմայք ուներ և միշտ կենդանի ապրում էր ավանդական խոսքը թե՝ Արևելքից է լույսը։ Թուրքական գերիշխանությունից հետո Արևելքը և խավարն ու բարբարոսությունը դարձան հոմանիշ հասկացողություններ։

Նա ոչ միայն ինքը չստեղծագործեց ու ոչ մի հանճարեղ բան չտվեց աշխարհքին, այլև դրսից չընդունեց ոչինչ և չմշակեց։ Միշտ մնաց սուրը ձեռքին ավերող։ Եվ եթե արգելենք նրան իսլամ ընդհանուր անվան տակ զարդարվելու պարսիկ, արաբ կամ հնդիկ հանճարների անուններով, կմնա մեջտեղը կանգնած իր նոմադական մերկությամբ՝ ձեռքին միշտ արյունոտ սուրը։

18-145