Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ։

— Թե շնորհակալ ենք, որ մեղավորն ու արդարը ջոկեցիք, բայց որովհետև մենք նահապետական վարք ու բարքի տեր ժողովուրդ ենք, էս տեսակ պոռնիկի չենք կարող համբերել մեր գյուղում, խնդրում ենք սրան դեղին բիլեթ տաք, պոռնկանոց ուղարկեք։

Եվ ահա արդարադատության տանից դուրս են գալիս հաղթական պաչոտնիները, մտնում են մի պադվալ, քեֆ են անում, էնտեղից էլ գալիս, ինձ են պատահում ճանապարհին։

Նրանց ետևից դուրս են գալիս և աղքատ գյուղացին ու իր աղջիկը․․․

Եվ նրանք իրար հանդիպելու են իրենց գյուղում․․․

Էլ չեմ ուզում խոսքս շարունակել էս առարկայի մասին։ Ասելս էն է, թե մի համատարած դժոխքի մեջ է ապրում մեր գյուղացի ժողովուրդը, զանազան մութը կազմակերպությունների՝ շայկաների ճիրաններում, և էդ չար ու մռայլ բազմությունը թերևս կարելի լինի դնել մի ընդհանուր վերնագրի տակ՝ հանցավորներ ու վկաներ։

Սրանց դիմաց միանգամայն անզոր է եղած արդարադատությունը, ոչ միայն անզոր, այլև կորցրած ամեն հավատ ու հեղինակություն։

Եվ հանցավորները բացարձակ ուրախանում են, երբ բանն ընկնում է դատարանին, իսկ խաղաղ ժողովուրդը դատարանից նույնքան է վախենում, որքան հանցավորներից, եթե չասեմ ավելի։


ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈՆԵՐ

Ինչքան ավելի ենք առաջ գնում, էնքան ավելի ենք նկատում ու համոզվում, որ աղջամուղջի ու անգիտության ճանապարհով ենք գնում և շիտակ ու անսայթաք առաջ գնալու համար մեր ձեռքին լապտեր պիտի ունենանք։