Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչով պետք է բացատրել էս երևույթը։

Նրանով, որ մեր գրական լեզուն գլխավորապես ստեղծել են մեր գաղութները իրենց կենտրոն ունենալով Պոլիսն ու Թիֆլիսը, և ինչպես իրենք են խառը, եվրոպականի ու հայկականի մեջտեղը տարուբերվում, էնպես էլ իրենց ստեղծած լեզուն է էս երկու մեծ ազդեցությունների մեջտեղը տարուբերվում։ Բայց միշտ հակված է դեպի հայրենի հողը, դեպի ազգային կենդանի լեզուն, և քանի գնում, էնքան ավելի ու ավելի է որոշվում դրությունը։

Պարզենք մեր միտքը։

Մեր գաղութները միշտ գտնվել են ավելի ապահով պայմաններում ու լուսավոր վայրերում և նրանք էլ սկսել են ու գրեթե մինչև էսօր էլ իրենց ձեռքին են պահել մեր դպրոցի, գրականության ու մամուլի գործը։ Եվ աշխատելով իրենց ազգը լուսավորել, դպրոցի, գրականության ու մամուլի միջոցով իրենց աղավաղված, աղքատ ու աղճատ լեզուն էլ տարածել են թե՛ իրենց շուրջը, թե՛ բնաշխարհիկ ժողովրդի մեջ։ Ուրիշ խոսքով, շատ ազնիվ ու վսեմ նպատակով, հայերեն չիմացող մարդիկ սկսել են հայերեն սովորեցնել հայ ժողվրդին, այսինքն նրա լեզուն փչացնել։

Էս երևույթը շատ սրամիտ կերպով նկատել է հանգուցյալ Հակոբ Պարոնյանը իր «Ազգային ջոջերի» մեջ։

Ասում է, երբ Գր. Արծրունին գրաքննիչի մոտ գնաց, որ «Մշակի» հրատարակության իրավունքը խնդրի, գրաքննիչը հարց տվեց, թե.

— Բայց դուք, պարոն Արծրունի, որ ուզում եք հայերեն թերթ հրատարակեք ինքներդ հայերեն գիտե՞ք…

Արծրունին պատասխանում է.

— Ես ինքս հայերեն չգիտեմ, բայց իմ ընթերցողները լավ գիտեն։

Իհարկե, կարելի է խնդալ էս սրամտության վրա, բայց սա լոկ սրամտություն չի, այլ սրամիտ նկատողություն և տխուր իրականություն։