նույն անօգուտ աղմուկները ամեն մի առանձին դեպքի հանդեպ։
Բայց մի՞թե, հիրավի, ոչ մի ճար ու ճանապարհ չկա հայ գրականության ու գրողի խնդիրը կարգի դնելու, և կարգի դնելու վայելուչ կերպով։
Կա, գոնե առայժմ, մի ճանապարհ։ Մի կարճ ու գեղեցիկ ճանապարհ։ Եվ էնքան պարզ, ինչքան պարզ են բոլոր գեղեցիկ ճանապարհները։ Ով ուզում է էդ կարճ ու գեղեցիկ ճանապարհն իմանա, թող կարդա էսօրվան «Հորիզոնի» մեջ էն լուրը, թե մի ոմն (անունը Գրողների ընկերության գործումն է մնում) Հայ գրողների ընկերությանը մի տարի ժամանակով ամսական հարյուր ռուբլի է տալիս՝ մեր տաղանդավոր գրողներին պաշտպանելու համար, մեր գրականության ազգային պաշտպանությունը իրականություն դարձնելու նպատակով։
Իհարկե, նվիրաբերողի կամքն է իր անունը թաքցնելը կամ հայտնելը, բայց ես կարծում եմ, էս դեպքում թաքնելու կարիք էլ չկա, քանի որ ղրկում է ոչ թե էս կամ էն մասնավոր գրողին, այլ Հայոց գրողների ընկերությանը, որը և պիտի տնօրինի։ Հետևաբար՝ կարող է իր գումարի տակ ստորագրել նույնքան հանգիստ, ինչքան հանգիստ ես ստորագրում եմ իմ գրած ոտանավորի տակ։
Էս ձևով հայ հեղինակին էլ կհասներ ոչ թե էս կամ էն անհատի ձեռքը, այլ իր ազգի հավաքական ձեռքը, իբրև մայրական ձեռք, որ ծնողական պարտականություն ունի և պաշտպանելու, և պսակելու, և թաղելու։
Եվ միայն էս հոգացողությունն է (մանրամասնությունների մասին չեմ խոսում), որ և քաղցր ու թեթև կլինի, կստեղծի մի ազգի բարձր մտավորականությանը վայել մի դրություն, գրականությանը, գիտությանն ու գեղարվեստին նվիրված մարդկանց բանակ, հետևաբար և ուժեղ գրականություն։