Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ահա, ողջունելով ձեզ, միաժամանակ շնորհավորում եմ՝ ցույց տալով էս նոր ժողովուրդը, որ էսքան աննախընթաց ոգևորությամբ խառնվում է մեր գրական երեկոներին և նույնիսկ իր ահավոր աղետի օրերում խոսք է անում ու մտածում իր գրականությունը պաշտպանելու մասին։

Նոր են և քննադատները, որ խոսում են ձեզ հետ։

Նորություն է մեր գրականության մեջ նրանց հարգալից վերաբերմունքն ու կիրառած քննադատական մեթոդը։ Հարկավ նրանք կարող են սխալվել իրենց գնահատությունների մեջ, բայց նոր ու շիտակ է նրանց ճանապարհը։ Դուք էլ ուշադիր ու հարգանքով լսեցեք նրանց, օգտվեցեք նրանց դիտողություններից և մի շփոթվեք բնավ, որովհետև ամենից շատ և ամենից լավ բանաստեղծն ինքն է իրեն հասկանում և իր ներքին բնազդն ու ինտուիցիան է իր ամենաուղիղ առաջնորդը։ Համոզված եղեք, որ քննադատը ոչ բանաստեղծ կարող է ստեղծել և ոչ բանաստեղծ կարող է սպանել։ Նա միայն մեկնաբանում, պարզում ու բացատրում է։ Եվ վերջիվերջո մի քննադատ կա, որ վերջնականապես որոշում է ապրող և մեռնող գործերը՝ դա ժամանակն է։

Մի՛ շփոթվեք նաև էն ժամանակ, երբ ազդեցությունների խոսք են անում։ Համաշխարհային գրականության մեջ ոչ մի բանաստեղծ չկա, որ շատ կամ քիչ ազդված չլինի իր նախորդներից։ Ազդեցությանը էն սանդուղքն է, որով սկսնակը բարձրանում է դեպի ինքնուրույնությունը։ Ոչ էլ հուզվեցեք, երբ լավ բանաստեղծություններ շատ չեն գտնում ձեր գրվածքներում։ Լավ բանաստեղծություններ քիչ կան նույնիսկ նշանավոր բանաստեղծների մեջ։ Հիշեցեք Հայնեի խոսքը, որ ասում է թե՝ մեծ բանաստեղծը նա է, որի յոթ գրվածքից մինը լավն է։ Եթե մեծ բանաստեղծը նա է, որի յոթը երգից մինը լավն է, դուք շատ պետք է ուրախ լինեք, եթե ձեր տասնևյոթ կամ քսանևյոթ երգից