Եվ պետք է ստեղծել Հայոց Համալսարանը, ուր կարելի լինի բարձրագույն գիտությունները ավանդել ու սովորել հայերեն լեզվով։ Մեր տարրական ու միջնակարգ դպրոցների մեջտեղը պետք է կառուցանել ու պահել մի գիտության տաճար, մեր մանր ու մեծ ճրագների մեջտեղը պետք է վառել մի մեծ ջահ՝ Հայկական Համալսարան։
Ահա թե ինչի համար է հիմնադրվում Հայկազյան ընկերությունը։
Ամեն մի նշանավոր հայ գրողի հոբելյանի կամ թաղման օրը մի էն տեսակ ընդհանուր, համազգային վայնասուն է բարձրանում, որ ամոթով կարող է ծածկել ամեն մի հետամնաց ժողովրդի․ թե՛ նա տառապանքներից մեռավ, չկարողացավ ծառայել իր կոչումին, և այլն, և այլն… Եվ, հիրավի, գրեթե առանց բացառության, ոչ մի հայ գրող չի կարողացել գրականությամբ պարապի։ Ամենքն էլ գրականությամբ պարապել են իմիջիայլոց, պատահաբար, ոտի վրա։ Ամենքն էլ եղել են խանգարված գրողներ, և ամբողջ մեր գրականությունն էլ խանգարված գրողների խանգարված գրականություն է։
Պետք է ազգովին պաշտպանել Հայոց գրականությունը, գրողներին կապել իրենց գործի հետ և միանգամ ընդմիշտ վերջ տալ էս անառողջ ու անպատվաբեր դրությանը։
Ահա թե ինչի համար է հիմնադրվում Հայկազյան ընկերությունը։
Գեղարվեստը, իր ամեն ճյուղերով՝ թատրոն, երաժշտություն, նկարչություն և այլն, մեր մեջ ընկած է երեսի վրա և թողած մասնավոր մարդկանց խնամքին ու հոգացողությանը՝ այսինքն անտեր։ Մինչդեռ բարձր քաղաքակիրթ ժողովուրդ դառնալու և կոչվելու համար առանց գեղարվեստի՝ ճար ու ճանապարհ չկա։ Պետք է ուժեղ կերպով հովանավորել ու զարգացնել գեղարվեստի ամեն մի ճյուղը մեր մեջ։
Ահա թե ինչի համար է հիմնադրվում Հայկազյան ընկերությունը։