Մայիսի 11-ին Մոսկվայի Մեծ թատրոնում մի նշանավոր ժողով է գումարվել, ուր հանդես են եկել մի շարք ռուս հռչակավոր ակադեմիկոսներ, պրոֆեսորներ ու գրողներ։ Բոլորը միաձայն իրենց ճառերում Ռուսաստանի հիմնական դժբախտությունը որոնում են ու գտնում հետամնացության մեջ, որի մեջ պահում էր հին բռնապետական կառավարությունը։
Ցույց են տվել, որ գերմանական մի մեծ գործարանում ավելի շատ քիմիկոսներ կան, քան թե բովանդակ Ռուսաստանում։
— Գիտություն, տեխնիկա, կուլտուրա, ահա թե ինչի մեջն է Գերմանիայի ահռելի ուժը, որով կռվում է գրեթե ամբողջ աշխարհքի դեմ, և միայն այժմ է խեղճանում, թե իրեն դեմ էլ Անգլիան, Ֆրանսիան ու Ամերիկան դուրս բերին նույն գիտության, տեխնիկայի ու կուլտուրայի անպարտելի ուժը։
Առանձնապես խոր տպավորություն են արել Ն․ Մորոզովի և Մաքսիմ Գորկու ճառերը։
— Ազատությունը դեռ ամեն բան չի, և դեմոկրատիան դեռ ամեն բան չի, ասել է Ն․ Մորոզովը, նշանավոր հեղափոխականը, Շլիսելբուրգի 23-ամյա կալանավորը։ Նախնական վայրենին էլ ուներ անսահման ազատություն։ Նա, անշուշտ, ամենաազատ դեմոկրատն էր։ Բայց նրա բնակավայրում կատարած պեղումները երևան են հանում մարդկանց կրծած ոսկորների կույտեր։ Էսպես էր տոնում իր տոնը հին ազատ դեմոկրատը՝ իր մերձավորին ուտելով։ Մարդակեր էր նա։
Չի կարելի անգույն բազմությունը դարձնել անսխալական աստվածություն։ Փառք ու պատիվ բանվորի կոշտացած ձեռքերին, փառք ու պատիվ և ռուսական մեծ ինտելիգենցիային, որի գաղափարներով վերափոխվում է Ռուսաստանը։