Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայոց Ակադեմիայի մեծ կարևորության մասին։ Էնպես պատահեց, որ էդ օրը դահլիճը բռնեց հայ ուսուցչական համագումարը և, զեկուցում կարդալու փոխարեն, նույն խեղճության ու հոգեկան ստրկության մասին ես ստիպված էի շատ ավելի սեղմ շեշտել հայ ուսուցչական համագումարի առջև իմ ողջույնի խոսքի մեջ՝ իսկական, ներքին ազատությունը ակնարկելով ազատ դպրոցից ու ճշմարիտ լուսավորությունից։

Այո՛, մենք շատ ու շատ ավելի ենք հետամնաց և ավելի խոր էլ պիտի զգանք մեր հոգևոր ստրկությունը, ավելի ուշադիր էլ ականջ դնենք աշխարհքի առաջավոր ժողովուրդների ու նրանց լավագույն զավակների կոչին, հետևենք նրանց, հիմնենք ու ազգովին պաշտպանենք Հայոց Համալսարանը, Հայոց Ակադեմիան, զարգացնենք ու ծավալենք գիտությունը, գրականությունն ու գեղարվեստը մեզանում։ Եվ մենք ամեն կողմից ընդունակ ենք էս բարձր նպատակներին հասնելու, լավագույն ազգերի բարձրությանը հասնելու, իսկ էս ամենին հասնելու համար արդեն ճանապարհը բաց է մեր առջև, ուղիղ ու պայծառ։


<ՀԱՅԵՐԵՆ ԳԱՎԱՌԱԿԱՆ ԲԱՌԱ/ՐԱՆ>
Գրեց Հրաչյա Աճառյան։ Հրատարակչություն Էմինյան ազգագրական ժողովածուի, հատոր Բ, Թիֆլիս, 1913 թվական, 1141 էջ, 3 ռուբլի 50 կոպեկ


1912 թվականի ամառը Թիֆլիսի վրա և նրա շրջակայքում մի քանի օր մի էն տեսակ թանձր ու չոր մառախուղ էր կանգնած, որ օրը ճաշին կարելի էր համարձակ նայել արևի սկավառակին։ Իշխանությունը դիմեց Թիֆլիսի ֆիզիկական օբսերվատորիային և խնդրեց էս երևույթի բացատրությունը, թե սա ի՞նչ բան է և ո՞րտեղից հայտնվեց։

Օբսերվատորիան պատասխանեց ու բացատրեց, թե դա ամենամանր փոշի է, որ հունիսի վերջերին օդի մեջ