Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ Վրաստանը, որ չքնաղ է եղել նույնիսկ իր դժբախտության օրերում, ազատ Կովկասի ազատ ժողովուրդների եղբայրության մեջ պետք է դառնա ավելի չքնաղ ու ավելի սիրելի։


ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Թիֆլիսի Հայկական ակումբի ավագների Խորհուրդը, ակումբի միջոցներից, իմ տրամադրության տակ 1500 ռ․ է դրել՝ իմ գրվածքների տպագրության գործին հատկացնելու։

Հրապարակավ շնորհակալություն հայտնելով հարգելի Խորհուրդին՝ միաժամանակ նրա ներողամտությունն եմ խնդրում, որ փոխում եմ իմ տրամադրության տակ դրած գումարի նպատակը, և համոզված եմ, որ Խորհուրդն ինքն էլ գոհ պիտի լինի։

Ամենքը գիտեն, թե նույնիսկ սովորական ժամանակներում ինչքան դժար ու նեղված էին ապրում հայ գրողները, իսկ թե էս օրերում ի՞նչ կլինի նրանց վիճակը, ասելն ավելորդ է։

Հայ գրողների ընկերությունը մեծ միջոցներ չունի, եղածն էլ սպառել է արդեն, և էս տարի ավելի է բաժանել, քան երբևէ, բայց դա չնչին բան է կարիքի մեծության հանդեպ։

Մինչև այժմ մեր ժողովրդի սոսկալի վիճակի առջև տեղի էինք տալիս ու լռում, բայց սրանից դենը լռելն այլևս հանցանք կլինի։

Եվ կոչ անելու պարտականությունը ամենից շատ ինձ վրա է ծանրանում, իբրև Գրողների ընկերության նախագահի, որին և քաջահայտ են բոլոր գրողների ցավերն ու նեղությունները։

Ահա էս 1500 ռուբլին, որ ակումբը գրել է իմ տրամադրության տակ, հատկացնում եմ մեր գրողների օգնության գործին