Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այո՛, հին են թե հույսը, թե էդ հույսն իրագործելու ճանապարհները։ Եվ երկար ժամանակ փորձը ցույց է տվել, որ նաև անսխալ է, որովհետև, անհատները կարող են սխալվել, բայց ազգերը հեշտ չեն սխալվում։

Հայ ժողովուրդը, որ ապավինել է հզոր Ռուսաստանին ու [մարդավայել] կյանք է ուզում, ո՛չ թե նրա համար, ո՛չ թե միայն նրա համար, որ գոյություն ունենա աշխարհքում, այլ նրա համար, որ էդ գոյության մեջ կա մի բարձր խորհուրդ, որ թանկագին է դարձնում ամեն մի գոյություն։ Թե չէ, եթե միայն լոկ ֆիզիկապես ապրելու խնդիրը լիներ, վաղուց ու շատ հեշտ վճռված կլիներ խնդիրը՝ հարմարված ու ձուլված կլիներ նրանց, որոնց դեմ մաքառում է դարերով։

Եվ էդ մարդավայել կյանքը նա [պետք է ստանա] անպատճառ կունենա։

Մյուս կողմից, եթե Ռուսաստանը վեր է կացել իր անծայր տափաստաններից ու [հեղեղվում է] հորդում է դեպի իր ափերը, դրա խորհուրդը չի սպառվում էս կամ էն մինիստրի մտածած քաղաքականությունով։ Ո՛չ, [էն] մի ավելի մեծ խորհուրդ կա դրա մեջ։ [Քաղաքականորեն շատ ավելի մակերեսային…]