Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1918


ՄԻ ՔԱՆԻ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տրապիզոնի հաշտությունը և նման կոմբինացիաները ժամանակավոր բնավորություն ունեն։ Ռուսական հեղափոխության ալիքները ուժեղ թափով ծավալվելու են կենտրոնական պետությունների հոգնած ժողովուրդների մեջ։ Բոլոր մեծ ու փոքր կայզերները ընկնելու են իրենց գահերից։

Պատերազմը, որ ձգձգվեց ռուսական հեղափոխության պատճառով՝ վերջանալու է Անգլիայի և իր դաշնակիցների հաղթանակով։ Տաճկաստանը հարելու է իր հին [բարեկամ] պաշտպանին՝ Անգլիային։ Մահմեդական ժողովուրդները մոտենալու են Անգլիային։ Կովկասյան ժողովուրդները, և հատկապես հայերն ու թուրքերը, պարզ տեսնելու և խոստովանելու են իրենց ընդհարումների ամբողջ անմտությունը և, հակառակ բոլոր մութ ուժերի ջանքերին, մոտենալու և կապվելու են իրար հետ [և ստեղծելու են հայկական, վրացական, թուրքական և այլ ինքնավարություններ]։

Նրանց մոտիկությունը սկսվելու և կատարվելու <է> աշխատավոր հասարակ ժողովրդի ձեռքով։ Կովկասյան սոցիալ դեմոկրատիան մեծ դեր է կատարելու սրա մեջ։

Ցարիզմի անբարեխղճություններից և հեղափոխականների անփորձություններից տանջված, հոգնած ու քայքայված Ռուսաստանը, որ ֆրոնտներից հոսեց դեպի տուն, հանգստանալու է, ուշքի է գալու, և էն ժամանակ, երբ ուրիշ երկրներում սկսվելու են խառնակությունները, Ռուսաստանում սկսվելու է собирание Руси.