Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էս ամենը, հիրավի, պարոն Լալայան, շատ են խայտառակ, և դուք անելուց հետո, գոնե փոխանակ լռելու, մտել եք Ազգագրական ընկերության ցուցանակի ետևը, էդ ցուցանակը ձեզ համար վահան եք շինել և ոչ միայն ուզում եք ձեզ պաշտպանել ու արդարացնել, որի դեմ, հավատացնում եմ, ես չէի խոսիլ, այլև ձեր առաքինությունը կրկին անգամ ցուցադրելով, թե դուք ձեր գրադարանը նվիրել եք Ազգագրական ընկերությանը, միաժամանակ հարձակվում եք Գրական ընկերության վրա, աշխատում եք նրան նվաստացնել և նախատում եք ինձ, թե ինչու ես էլ իմ գրադարանը չեմ նվիրում Գրական ընկերությանը ու սպասում եք ապացուցանելու, որ ես իմ նախագահությամբ սպանեցի գրական ֆոնդը, եթե առաջարկ արի դավթար չառնել կռնատակներին ու չընկնել սրա նրա դուռը։ Եվ ահա էսպեսով դուք, պարոն Լալայան, ինձ ստիպում եք անցնել Ազգագրական ընկ<երության> ցուցանակի ետևն ու ասել․ հարգելի պարոն, որ մեզ մյուս անգամ էդքան հիմարի ու կույրի տեղ չդնեք, մենք միանգամ ընդմիշտ ասում ենք, որ տեսնում ենք ձեր առաքինությունը՝ ձեր գրադարանը Ազգագրական ընկ<երությանը> նվիրելը, որ շարունակ մեր աչքն եք կոխում։ Մենք տեսնում ենք, պարոն Ե. Լալայան, որ ձեր պատշգամբի ծերին գրել եք «Հայոց ազգագրական ընկերություն», մենք գիտենք, որ դուք հայտնել եք և հայտնում եք, թե ձեր գրադարանը նվիրում եք էդ Ընկերությանը, այսինքն՝ ձեր գրադարանը մնում է իր տեղը, ձեր տանը, ձեր կաբինետում, ուրիշների գրադարաններն էլ բերել եք տալիս նույնպես ձեր կաբինետը, ուրիշներին էլ, գլխավորապես հարուստներին, հավաքում եք ձեր կաբինետը՝ միթոմ Ազգագրական ընկերություն, էդ միթոմ թե Ընկերությունն էլ վճարում է ձեր կաբինետի վարձը, զանազան եկամուտներ է սարքում, Թիֆլիսում նստած Պետերբուրգի եկեղեցուց 1200 ռուբլի ռոճիկ եք ստանում՝ իբրև Էջմիածնի թանգարանապետ, և հաճախ սրա նրա տված նյութերը իրար կարկատում ու տարեկան