Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պարսկաստանի դեմ։ Կովկասից ռուսաց պետ<ության> ներկայացուցիչները պատասխանեցին, թե ավելորդ է ագիտատորներ ուղարկել Պարսկաստանի և Տաճկ<աստանի> դեմ գործելու, արդեն նրանք էնքան են իրենց դեմ գործում ու զզվեցնում իրենց հպատակ ժողովուրդներին, որ ոչ մի ագիտատոր էդքան հաջող գործել չի կարող։

Եվ նույնը էսօր։ Հենց մնացինք մենակ թե չէ՝ դարձյալ նույն 17 տարի-սարսափ, թալան ու կոտորած... և մարդիկ դարձյալ չորս կողմն են նայում ու աղոթում, թե երբ պետք է ռուսը նորից վերադառնա, որ ապահովի իրենց կյանքը, երբ պետք է Անգլիան գա աերոպլանով, որ խաղաղ<ություն> [հաստատի] կամ թեկուզ Գերմանիան, որ կարգ հաստատի։

էսպեսով, Թուրքիան մնում է նույն հին Թուրքիան։ [Դարձյալ պակասում է նրան պետական իմաստությունը։ Դարձյալ նա կարող է կոտորածներ առաջ բերել ու ավերել, բայց տիրել ու իրեն հետ կապել, չի կարողանում]։ Փոխանակ հնարավորություն տալու, որ Կովկասը իր սահմաններում և իրեն հետ կապված դառնա ազատ ժողովուրդների մի ազատ ու ապահով երկիր, նա ուզում է Կովկասը չորս կողմից շրջապատի երկաթի օղակով, դարձնի մի մեծ պղինձ, տակը մութ մասսաների, իր ագենտների ու անմիտ պոլիտիկանների ձեռքով կրակ վառի ու մեջը տապակի էս դժբախտ ժողովուրդներին։ Դարձյալ նա գալիս է կոտորածներ սարքելու, ավերելու և սարսափ տարածելու, հուսահատներին իրեն դեմ հանելու, փոխանակ օգտվելու առիթից՝ իշխելու և իրեն հետ կապելու։ Նա մոռանում է, թե պատերազմը դեռ շարունակվում է, որ էդ պատերազմի մեջ Անգլիա, Ֆրանսիա, Ամերիկա կան, որ նրանց թիկունքին էլ ուրիշներ կան, որ դեռ կռվի մեջ չեն մտել, որ նույնիսկ Ռուսաստանն էլ կարող է սթափվել ու ետ դառնալ, որ շահսևան քրդերը կամ ճանապարհ կտրող բանդաները [չեն կարող իրեն] չափազանց վատ նեցուկներ են իրեն համար։