աշխարհքը մի ծայրից մինչև մյուսը։ Դարձյալ մի լայն ալեկոծություն, դարձյալ մի խոշոր ցնցում և միանգամից կընկնենք մի նոր միջին դարերի բարբարոսության և խավարի մեջ, իսկ մեզ նման փոքր ազգերը, որ պատրաստվում են նոր օրի ու նոր արշալույսի, կերթան [բնաջնջվելու] ոտքի տակ։ Ահա նայեցեք Հայաստանին [ինչ օրի է հասել], ո՛չ մեր ապիկարությունը սահման ունեցավ, ո՛չ մեր հակ<առակորդների> անգթությունը։ Նա էն օրին է հասել, որ միմիայն մի լուսավոր ու հզոր հովանավորություն կարող է նրան փրկել ու կազդուրել:
[Մի՞թե սա կդիմանա] Այլևս ինձ չի ուրախացնում ո՛չ հանրապետություն, ո՛չ ազատություն։ Էս զարհուրելի արհավիրքների տակից ես այլևս չեմ տեսնում ծագող արշալույսը․ ընդհակառակը, դեռ կասկածով էլ լցվել եմ դեպի ապագան, միայն մի ցանկություն ունեմ, որ մնացածը ապրի որպես ֆիզիկական գոյություն։
Էս մեծ հարցերի հետ ներքին փոքր խնդիրները միշտ անպակաս-ահա սահմ<անային> վեճը, որ առաջ բերեց էս պատ<մությունը> ու դեռ չի էլ վճռված։
ՄԵԾ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Մեծ տարբերություններից ավելի մեծ իմաստուն չկա, քան ժամանակը և ավելի խոր հաճույք չկա, քան զրույց անելը ժամանակի հետ։ Եվ ժամանակի ինչքան ավելի մեծ տարբերություն առնենք, էնքան ավելի լավ։
Ահա առջևդ <է> ռուսական բոլշևիզմը և ուզում ես հասկանալ, թե անտեղի [երբ որ հարցնում ես մարդկանց թե որտեղից է ռուսական] է դա։ Ոչ թե էն սարսափելի բոլշևիզմը, որ ջարդում ու սարսափ է տարածում ավերչի ձեռքով, այլ էն բոլշևիզմը, որ մարդուն հասարակական ու անհատական երջանկություն է խոստանում։ Երբ որ հարցնում եք մարդկանց, մեկն ասում է՝ ես գիտեմ, ես ականատես