Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զատկի ու Քրիստոսի ամեն տեսակ բացատրությունը նրան ոչ մի բավականություն չտվին և նա մնաց մի ծանր տպավորության տակ։ Ես ստիպված էի Զատկի լավությունը ցույց տալու համար, ձեռքս մեկնել դեպի նոր բացվող ծաղիկներն ու զարթնող բնությունը, իսկ գառան մորթելու մեղքը գցել Քրիստոսի վրից ու համոզել, որ նա դրա հետ ոչ մի կապ չունի։

Եվ ճշմարիտ որ, Զատկի տոնին, երբ մարդ կանգնում է ու նայում Զատիկը տոնող, «Քրիստոս հարյավ» աղաղակող բազմության վրա– զարմանում է։

Ի՞նչ կա էդ օրը և ինչո՞ւ են մարդիկ ուրախանում և կամ ո՞վ է ուրախանում նրանցից։

Էդ օրը, գրեթե ամեն տան, ով կարող է, պարտավոր է մի գառան մայուն կտրացնել, ճոխ սեղան պատրաստել, շատ ուտել ու խմել և լավ հագնվել։ Մի խոսքով՝ արյան, որկրամոլության ու շռայլության օր։ Եվ ոչ մի օր աղքատի ու հարստի տարբերությունը էնպես չի շեշտվում, ինչպես էդ օրը։

Մի օր, երբ ամենից շատ ուրախ են քահանաները, որ տենդային եռանդով տնից տուն են վազում շտապով, կիսատ-պռատ մի երկու աղոթք ասելու, որ Քրիստոսի անունով փող առնեն։

Ի՜նչ կա էս ամենի մեջ գեղեցիկ ու գաղափարական։ Եվ ահա իմ երեխայի էն վշտի նման մի վիշտ, որ պատմեցի, պաշարում է մարդու։ Էս ամենի մեջ ո՞ւր է Քրիստոսն ինքը, ո՞ւր է Նրա՝ անսահման սերն ու բարությունը, Նրա աստվածային մեղմությունն ու Խաղաղությունը, Նրա հեզությունն ու անընչասիրությունը…

Եվ դարձյալ նույն պատասխանը, որ Նա ոչ մի կապ չունի էս ամենի հետ, Նա դեռ հարություն չի առել մարդկանց սրտերում, և միայն մի բան, որ հաստատ է, որ հարություն է առել Զատկին ու Հարություն է առնում ամեն Զատկի և միշտ դարձնում է Զատիկն էնքան տենչալի ու

4-145