Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էն բոլոր ձեռքերին, որ ամեն կողմից մեկնված են դեպի իր 12 կոպեկը։ Ասում Է` ես ընտանիքներ եմ տեսել, որ անկողինը չգիտեն ինչ բան է, ընտանիքներ եմ տեսել, որ նույնիսկ կալերին ցորենի են ման գալի։ Ահա սրանց է, որ ծանոթ չենք, և ծանոթ չենք ինչպես սրանց դրությանը, էնպես էլ հոգեբանությանը։ Պանդխտությունը մեզ համար, որ սովոր ենք միշտ բնակարաններս էլ փոփոխելու, բնակված քաղաքներս էլ, միևնույն նշանակությունը չունի, ինչ որ գյուղացու համար, որ կպած է ամեն բանով իր հայրական օջախին ու հողին։ Երբ նա պանդխտում է, կնշանակի սոսկալի է նրա դրությունը իր հողի վրա։ Եվ ահա էսքան ծանր վիճակի մեջ է մեր ժողովուրդը, էսքան խախուտ է մեր բոլոր երազների ու հույսերի հիմքը։

<ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ>

Հովհ. Թումանյանն ասում է. «Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է տեղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքուշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։

Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալի՛ն հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ