Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սրբազան առաջնորդի կոչին եկած էդ ժողովը, որ բաղկացած էր զանազան հոսանքների և մեր գրեթե բոլոր կուլտուրական հաստատությունների ներկայացուցիչներից— մինչդեռ ոմանք հակառակն էին սպասում—ցույց տվեց համերաշխության մեծ պատրաստակամություն և շատ հեշտ համաձայնության եկավ թե արդեն եղած ծրագրի և թե նոր հայտնված ցանկությունների հանդեպ: Թե ծրագրով և թե ցանկություններով նա ընդգրկեց հայոց դպրոցական ու գրական ֆոնդերը միասին, ուրիշ խոսքով` հայոց դպրոցն ու գրականությունը: Եվ, հիրավի, ինչպե՜ս կարելի էր դպրոցական-գրական մեծ տոնին վարվել ուրիշ կերպ:

Այժմ մնում է Թիֆլիսի օրինակին հետևեն ամեն տեղ, որ մեր համազգային մեծ տոնը և թե բարոյականի, թե նյութականի կրկին տեսակետներից դարձնենք ճշմարիտ որ մեծ տոն:

Դաժան վիճակն ու երկարատև խավարը դարերի ընթացքում շատ ախտ ու կեղտ են կուտակել մեր կյանքի ու հոգու վրա, բայց մենք կուլտուրաներ ունեցած ու ապրած ժողովուրդ ենք, հեշտ կարող ենք թոթափել մեզնից էդ ամենը և նորից կանգնել մաքուր, առողջ ու բարձր: Էդ հրաշքը կարող ենք կատարել միայն դպրոցի ու գրականության միջոցով, իսկ դպրոցն ու գրականությունը անբաժանելի հասկացողություններ են:

Դպրոցը գրականության հիմքն է, գրականությունը դպրոցի բովանդակությունը, երկուսը միացած են պայծառ ու լուսավոր ուժով, որով հզոր ու անխորտակելի են դառնում ժողովուրդները ու մտնում են կուլտուրական ազգերի եղբայրության մեջ:

Հոգեկան առանձին բավականությամբ ենք արձանագրում ապրիլի 22-ի փաստը: Ամեն հոսանքից հարազատի բազուկներ երկարացան գրկելու հայոց դպրոցն ու հայոց գրականությունը, ամենքը միահամուռ ցանկություն հայտնեցին տեսնելու նրանց ապահով ու հաստատուն իրենց արժանի բարձր վիճակի մեջ: